Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու սոցիալական ծառայությունում ԱԱԾ-ն կոռուպցիոն բացահայտումներ է արել՝ կապված քաղաքացիներին հաշմանդամության կարգ տրամադրելու հետ: Ծառայության պաշտոնատար անձանց և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից եղել են կաշառքի և ապօրինի վարձատրություն տալու և ստանալու դեպքեր:
Պաշտոնատար անձը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի մարտի 10-ին շահառուին ենթարկել է կրկնակի փորձաքննության, և առանց փաստական ու իրավական հիմքերի, նրան ճանաչել է երրորդ կարգի հաշմանդամ:
Ծառայության աշխատակիցն իր ծանոթի համար ապօրինի հիմք է ստեղծել պետական միջոցներով վիրահատություն անելու համար: Անվճար վիրահատվելու դիմաց ընդունել է խոշոր չափի կաշառք տալու վերաբերյալ առաջարկը:
Մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ սոցիալական աջակցության «Գյումրի-1» տարածքային բաժնի գլխավոր մասնագետը Գյումրի քաղաքում հաշվառված, սոցիալական աջակցության ծրագրերի շահառուներ հանդիսացող մի շարք քաղաքացիների՝ սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու, նպաստի վճարումը չդադարեցնելու համար պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափի ապօրինի վարձատրություն:
Հարուցված քրեական գործերով ձերբակալվել է չորս անձ, քրեական գործով բավարար ապացույցների համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել 16 անձի: