Քովիդի պատճառով բանկերը վերանայել են 1,3 տրիլիոնի վարկային պայմանագիր, պատերազմից հետո ներել զոհված և վիրավոր զինծառայողների 2,5 միլիարդի պարտք։ Այս թվերը Կենտրոնական բանկը կցել է 2020-ի ստանդարտ հաշվետվությանը։
Նախորդ տարին աննախադեպ շոկային էր ֆինանսական համակարգի համար՝ գնահատում է Մարտին Գալստյանը։ Հիշում՝ մարդիկ ինչպես էին, պանիկայի մեջ, աշնան վերջին բանկերից հանում ավանդները։ Փողերը հետ՝ նորից պահպանության են սկսել հանձնել այս հունվարից։
Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - Մայիսի դրությամբ ավանդների մակարդակը գրեթե վերականգնվել է, ու վերադարձել ենք համարյա նախապատերազմական վիճակին:
Վարկերի դեպքում վիճակն այլ է․ ավելացել է վատորակ, խնդրահարույց գումարների ծավալը։ Ի դեպ, մարդիկ խոշոր հիփոթեքները շարունակում են փակել, բայց հեռախոս-սառնարանի համար վերցրած սպառողական վարկերը դժվար են մարում։
Մարտին Գալստյան - Վատորակ վարկերի հետ կապված՝ 7 տոկոս է, բայց 21 թիվը ևս հեշտ չի լինելու, կուտակված խնդիրներ կան:
Ծանր 2020-ից ժառանգած խնդիրներին գլխավոր դրամատանը գումարել են մտացածին նորերն ու ֆինանսական համակարգը սթրես-թեսթի ենթարկել։ Գալստյանի բնորոշմամբ՝ ընտրել են ապոկալիպտիկ սցենար, այնպիսի իրավիճակ, երբ կորոնավիրուսի նոր՝ ավելի վատ ալիք մտնի Հայաստան, որին երկիրը չկարողանա դիմակայել, բոլոր պետությունները մեր երկիրը ռիսկային կարմիր ճանաչեն, տնտեսությունը ստիպված լինի գնալ գլոբալ լոքդաունի:
Մարտին Գալստյան - Մեր սթրես-թեստը թույլ է տալիս, որ բանկերի կապիտալի համարժեքությունը բարձր է մնում՝ նույնիսկ որ 21-ի համար անում ենք, բավական չէ՝ 20-ը շատ վատ է, 21-ն էլ դնում ենք, տեսնում ենք, որ բանկային համակարգը մնում է 12 տոկոսից բարձր:
Ռիսկերի շարքում, ըստ Մարտին Գալստյանի, ընտրական-քաղաքական կամ տարածաշրջանի հնարավոր ապակայունացման տիպի որևէ զարգացում չեն ներառել։ Տնտեսության, այսպես ասած շնչելը իրենց էլ է լավատեսություն ներշնչել։
Մարտին Գալստյան - էս պահին մեր գնահատականներն ավելին են, քան 1,4-ը, այիսինքն՝ մենք կարծում ենք՝ տնտեսական աճն ավելի մեծ կլինի:
Ավելի կոնկրետ՝ աճի նոր թիվ կհնչեցնեն 12 օրից․ հունիսի կեսին վերաֆինասավորման հերթական ճշգրտման նիստն է: