Արա Այվազյանի հրաժարականից հետո այսօր արտգործնախարարության աթոռը դատարկ էր գործադիրի նիստին, իսկ առավոտյան խորհրդարանում 2020-ի բյուջեի կատարողականի քննարկումը երկու անգամ հետաձգվեց, որից հետո արդեն երրորդ նիստին նախարարությունից Ազգային ժողով գործուղվեց Ֆինանսաբյուջետային վարչության պետը:
Ու մինչև նա կներկայացներ անցած տարվա ծախսերը, ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ փոխնախարարներից ոչ մեկը խորհրդարան չի եկել: Մելքումյանի հարցին արձագանքեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Ռուբեն Ռուբինյան, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ - Նամակ են գրել, որ զբացղված են: Խնդրել են՝ վարչության պետը գա, համաձայնել են:
Վարչության պետի մակարդակով՝ բյուջեի կատարողականի քննարկմանը ներկայանալու փաստը, սակայն, վրդովեցրել էր ընդդիմադիր պատգամավորներին:
Միքայել Մելքումյան, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր - Ուզում եմ իմ վրդովմունքն արտահայտել: Որքա՞ն զբաղված են, մի ԱԳՆ տեղակալ չի՞ գտնվում, որ գա այստեղ:
Գործադիրում, նաև օրենսդիրում ԱԳՆ երկրորդ դեմքերի բացակայությունը մամուլն առավոտյան կապել էր փոխնախարարների հրաժարականների հետ: Տեղեկություններ էին տարածվել, թե Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը, Արմեն Ղևոնդյանն ու Գագիկ Ղալաչյանն ազատման դիմումներ են գրել: Լուրերը նախարարությունից հերքել էին: Շրջանառվող տեղեկությունների մասին հարցին պատասխանեց նաև խորհրդարան եկած ԱԳՆ անձնակազմի կառավարման վարչության պետը:
Նարինե Մաթոսյան, ԱԳՆ անձնակազմի կառավարման վարչության պետ - Որևէ մեկնաբանություն չեմ տալիս:
Արտգործնախարարությունից այսօր նաև հստակեցրեցին, որ Արա Այվազյանի հեռանալուց հետո այժմ օրենքով նախարարի պարտականությունների կատարումն իրականացնում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը: Ըստ ԱԳՆ կայքի՝ դա 2018-ի դեկտեմբերից փոխնախարարի պաշտոնում աշխատող Արտակ Ապիտոնյանն է: