2021 թ. հունիսի 3-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր հանձնակատարի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և արևելյան գործընկերության բաժնի կազմակերպած առցանց հանդիպումը, որի ընթացքում Եվրոպական միության արևելյան գործընկերության մեջ ընդգրկված վեց երկրների մշակույթի ոլորտների պատասխանատուներին բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի և գործընկերների կողմից ներկայացվել է «ԵՄ-ն հանուն մշակույթի» տարածաշրջանային ծրագիրը:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 7.85 մլն ընդհանուր գումարով տարածաշրջանային ծրագիրն ուղղված է Արևելյան գործընկերության երկրների մշակութային և ստեղծարար հատվածին՝ նպատակ ունենալով աջակցել մշակույթը՝ որպես տարածքային և սոցիալական զարգացման շարժիչ ուժ: Հանդիպման ընթացքում «ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագրի թիմի ղեկավար Անատոլի Բեիֆերտը ծրագիրն իրականացնող թիմի անունից ներկայացրել է ծրագրի նպատակները և դիմելու ընթացակարգը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով` շնորհակալություն հայտնելով ծրագրի ներկայացման համար և կարևորելով մշակույթի և ստեղծարար արդյունաբերության դերը տնտեսական, սոցիալական և համայնքների զարգացման գործում: Նրա խոսքերով՝ ծրագրի իրականացումը մեծ պատասխանատվություն է տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների համար և առանցքային նշանակություն կարող է ունենալ մարզերի համաչափ զարգացման առումով:
Մարտիրոսյանը նոր նախագիծը կարևորել է մի քանի տեսակետից. համայնքները հնարավորություն են ստանում առաջատար դեր ստանձնել և զարգացնել իրենց մշակութային և ստեղծարար կարողությունները, ի հայտ է եկել տարածաշրջանում միջմշակութային երկխոսության զարգացման նոր ազդակ: Բացի դրանից, ծրագրի ինկուբացիոն բաղադրիչը լավ հնարավորություն է թե՛ մշակույթի և ստեղծարար գործունեության ոլորտի քաղաքացիական հասարակության, թե՛ հենց անհատ արվեստագետների և մշակույթի գործիչների համար:
«ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագիրը հայտարարում է մրցույթ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մայրաքաղաք չհամարվող բնակավայրերի (Հայաստանի պարագայում 15 հազար և ավելի բնակչություն ունեցող) մշակութային զարգացման համար՝ հիմքում դնելով մշակութային ժառանգությունը, միջմշակութային երկխոսությունը և մշակույթի ոլորտում տեղական կառավարման կարողանակությունների բարձրացումը:
Նախնական փուլում յուրաքանչյուր երկրից կընտրվի հինգ քաղաք, որոնք կստանան մինչև 1000 եվրո դրամաշնորհ` ամբողջական հայտի մշակման համար: Հաջորդ փուլում յուրաքանչյուր երկրից առավելագույնը երեքը կստանան 30,000 եվրո դրամաշնորհ` մշակութային զարգացման ամբողջական ռազմավարություն պատրաստելու համար: Ի վերջո, յուրաքանչյուր երկրից մեկական քաղաքի կշնորհվի մինչև 300,000 եվրո դրամաշնորհ` իր ռազմավարության իրականացման համար: Դիմորդները կարող են գրանցվել և ներկայացնել իրենց հայտերը «Գյոթե ինստիտուտի» հայտերի ներկայացման հարթակում (GAP): Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 30-ն է: