Կարկառ գետի գլխավոր հանգույցի շահագործմամբ Արցախում կոռոգվի ավելի քան 2 հազար հեկտար հողատարածք: Շինարարներն այս փուլում կառուցում են բետոնային ջրընդունիչ: Նախիջևանիկի բարձունքից ոռոգման ջուրն ինքնահոս կհասնի Ասկերանի շրջանի ցանքսեր: Ծրագիրն իրագործվում է պետական միջոցներով:
Գեորգի Հայրիյան (Արցախի Ջրային տնտեսություն ՓԲԸ տնօրեն) - Ընդհանուր առմամբ ծրագրի արժեքը կկազմի մոտ 3 միլիարդ դրամ, առաջին փուլը մայր խողովակաշարը ջրամբարների հետ՝ 2 միլիարդ 70 միլիոն դրամ: Երկրորդ փուլի վրա, այսինքն՝ ներքին ցանցերի վրա, կծախսի ևս մոտ 1 միլիարդ դրամ:
Շինարարությանը հետևել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: 120 սանտիմետրանոց տրամաչափի խողովակով ջուրը տեղափոխվում է 5 հազար 150 մետր: Բեռնաթափման ավազանը վայրկյանում կընդունի 320 լիտր ջուր: Իսկ փակ ավազանից խմելու ջուր կմատակարարվի Խնապատ համայնքին:
Հարություն Հակոբյան (նախագծող) - Բաց ավազանից արդեն ավելացված ջուրը, որը թափվում է խողովակներով, ոռոգման մայր ջրատարներով իջնում են ներքև: Եվ այդ մայր ջրատարների վրա ունեն ջրառներ, որոնցով ջուրը վերցնում և տեղափոխում ենք դաշտերը՝ ոռոգման համար:
Աշխատանքները պետք է ավարտել մինչև տարեվերջ,- շինարարության պատասխանատուներին հանձնարարել է Արցախի նախագահը: Ծրագրից Խնապատում մեծ հույսեր ունեն՝ ո՛չ խմելու, ո՛չ ոռոգման ջրի խնդիր չեն ունենա: Մնում է՝ զբաղվեն բարձրարժեք գյուղատնտեսությամբ, որ արդարացվեն կատարված ներդրումները՝ ասում է համայնքի ղեկավարը:
Սամվել Շահրամանյան (Խնապատ համայնքի ղեկավար) - Ջերմոցային տնտեսություններ հիմնեն այնտեղ, այգիներ հիմնեն. ժողովուրդն արդեն հասկացել է, որ ցորենից ու գարուց եկամուտ չկա:
Կարկառ գետի աջակողմյան հատվածով հիմնականում ոռոգման տակ կանցեն Խնապատի և Խրամորթի վարելահողերը: Առաջին փուլում ջրագիծը կմիացվի Խաչեն-Խրամորթ ջրագծին: Երկրորդ փուլի աշխատանքից հետո կոռոգվեն նաև Կարկառի ձախափնյա դաշտերը: