Մոսկվայի կողմից Ռուսաստանից-Թուրքիա ավիափոխադրումների սահմանափակումները թուրքական տնտեսությանը կարող են երկու միլիարդ դոլար արժենալ: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ըստ Զբոսաշրջային ծառայությունների միության ներկայացուցիչ Ֆերիտա Թուրգութի՝ մինչև հունիսի 21-ը սահմանափակումների երկարաձգման պատճառով զբոսաշրջիկները վստահ չեն, որ ավիափոխադրումները կվերականգնվեն: Արդյունքում ռուսաստանցիները կարող են հետաձգել կամ չեղարկել իրենց ամրագրումները թուրքական հյուրանոցներում:
«Հաշվի առնելով ապրիլի 15-ից հունիսի 21-ի վնասները՝ ընդհանուր կորուստները գեարազանցում են 2 մլրդ դոլարը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայում կորոնավիրուսի տարածման հետևանքով Ռուսաստանը ապրիլի 15-ից հունիսի 1-ը սահմանափակումներ էր մտցրել այդ ուղղությամբ ուղևորային ավիափոխադրումների համար, իսկ մայիսի 31-ին այն երկարաձգել է մինչև հունիսի 21-ը: