Իրանն ու Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից պարտքերը չմարելու պատճառով: Այդ մասին
տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Ձայնի իրավունքը վերականգնելու համար Իրանը պետք է կազմակերպությանը վճարի 16,2 միլիոն դոլար, իսկ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը՝ 29,3 միլիոն դոլար: Գուտերեշը նշել է, որ բացի այս պետություններից՝ ՄԱԿ-ի պարտատուների ցանկում կան ևս երեքը՝ Կոմորյան Կղզիները, Սան Տոմե և Պրինսիպին և Սոմալին: Եթե նրանք չվճարեն պարտքերը, ապա կկորցնեն նաև իրենց ձայնի իրավունքը Գլխավոր ասամբլեայում սեպտեմբերից հետո:
19-րդ հոդվածի համաձայն՝ Միավորված ազգերի կազմակերպության անդամ երկիրը, որ վճարումների պարտք ունի, զրկվում է Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից, եթե նրա պարտքի գումարը հավասար է կամ գերազանցում է նախորդ երկու տարիներին նրանց հասանելիք վճարների գումարի չափը: Միևնույն ժամանակ, Գլխավոր ասամբլեան կարող է պահպանել տվյալ երկրի ձայնի իրավունքը, եթե որոշի, որ երկիրը պարտքերի տակ է՝ իրենից չկախված հանգամանքներով:
Անցյալ տարվա հունվարին վճարումները չկատարելու պատճառով ՄԱԿ-ը յոթ երկրի զրկել էր քվեարկելու իրավունքից: Դրանց ցանկում էին Վենեսուելան, Լիբանանը, ԿԱՀ-ը, Գամբիան, Լեսոտոն, Եմենը և Տոնգոն: