Ազգային ժողովը հունիսի 3-ին գումարված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նախագծով առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը քննարկման ժամանակ անդրադարձել է Աբովյան քաղաքի Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում հայտնաբերված զինծառայողների աճյունների և մասունքների հարցին՝ տարակուսանք հայտնելով, որ առավոտից այդ հարցի առնչությամբ ելույթ ունեցող պատգամավորներն այժմ դահլիճում չեն՝ իրենց հարցերն ուղղելու համար նախարարի պաշտոնակատարին:
Նա Անահիտ Ավանեսյանին առաջարկել է մեկ անգամ ևս անդրադառնալ հարցին:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակում հետևելու է, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: