Ֆրանսիայի նախագահն Ադրբեջանի ազգային օրվա առթիվ նամակ է հղել Իլհամ Ալիևին: «Ձեզ և Ադրբեջանի ողջ ժողովրդին հղում եմ իմ անկեղծ շնորհավորանքները, խաղաղության, բարգավաճման և առաջընթացի ցանկությունները՝ Ադրբեջանի ազգային տոնի առթիվ»,- գրել է Էմանուել Մակրոնը:
Նամակում Մակրոնը նշել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից 6 ամիս հետո էլ ամուր խաղաղության համար պայմաններ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է շարունակել մանրակրկիտ աշխատանքը: «Սա, մասնավորապես, ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ ճանապարհով սահմանազատում և ռազմագերիների վերադարձ իրենց ընտանիքներ: Կարևոր է նաև պահպանել տարածաշրջանի ժառանգության բազմազանությունը: Այս առումով խորհուրդ եմ տալիս նպաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկած առաքելության կազմակերպմանը»,- գրել է Մակրոնը:
Եզրափակելով՝ Մակրոնը հավաստիացնում է, որ Ֆրանսիան կշարունակի ստանձնած պարտավորությունները որպես Մինսկի խմբի համանախագահ՝ կողմերի միջև բարձր մակարդակի երկխոսություն հաստատելու համար, և ընդգծել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հնարավոր է հասնել արդար, կայուն խաղաղության և ընդհանուր բարգավաճման: