Կալիֆոռնիա նահանգում գործունեություն է սկսել ԱՄՆ-ում առաջին աշխատանքային խումբը, որը կուսումնասիրի ստրուկների հետնորդներին՝ աֆրոամերիկացիներին, փոխհատուցելու հարցը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Խմբում ընդգրկված են քաղաքական գործիչներ, իրավաբաններ, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, որոնք ստրուկների հետնորդներ են: Աշխատանքային խումբը երկու տարվա ընթացքում պետք է ուսումնասիրի և հաշվարկի այն մարդկանց տրամադրվելիք վճարների չափը, որոնց հարազատները տարբեր ժամանակներում բախվել են ռասայական խտրականության:
Նահանգի պետքարտուղար Շիրլի Վեբերը հայտարարել է, որ աշխատանքային խմբի առաքելությունն է ուղղել պատմական անարդարությունը: Վեբերի ծնողները նույնպես բախվել են ռասայական խտրականության:
Պետքարտուղարն ընդգծել է, որ Կալիֆոռնիան տնտեսապես զարգացած նահանգ է և, հետևաբար, կարող է իրագործել այս նախաձեռնությունն այն պայմաններում, երբ դաշնային կառավարությունը խուսափում է անդրադառնալ խնդրին: