Մայիսի 17-ին Հանրային հեռուստատեսության «Լուրեր» ծրագրով եթեր հեռարձակված տեսանյութում, որում անդրադարձ կար Դավիթ Գալստյանի կողմից բանակին զենքի մատակարարման գործընթացում ԱԱԾ-ի բացահայտած չարաշահումներին, սպրդել են անճշտություններ:
Պատրոն Դավիթ մականունով հայտնի Դավիթ Գալստյանը չի եղել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականը:
Ռեպորտաժում նշվել էր նաև, որ 1983-1986 թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն մատակարված 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցները մեկ միլիոն դոլարով ավելի էժան են եղել, մինչդեռ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշված է եղել հետևյալը.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների շրջանակներում պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986 թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ:
Այնուհետև, օգտվելով կնքված պայմանագրի ուժով ընձեռնված հնարավորությունից, Ա. Բ.-ն և Դ. Գ.-ն ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելու և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը»: