ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հրաժարվում է պատկերացնել, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների արդյունքում Տավուշի որևէ գյուղ կարող է անցնել Ադրբեջանին: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարը, որ երկու տարի մարզի ղեկավարն էր, այսպես արձագանքեց Տավուշում՝ ըստ խորհրդային միության քարտեզների, ադբեջանական անկլանվեր ունենալու թեմային:
Հայկ Չոբանյան, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար - Տավուշի մարզի սահման ասելով՝ դիտարկում ենք այն սահմանը, որտեղ կանգած են մեր զինվորները: Իմ, որպես քաղաքացու և նախարարի պարտականությունն այն է, որ դե ֆակտո ստատուս քվոն որևէ ձևով չխախտվի ի վնաս Հայաստանի:
Չոբանյանը խորհրդարան էր եկել 2020-ի բյուջեի կատարողականի զեկույցով: Տնտեսական ու ֆինանսավարկային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախարարի պաշտոնակատարն անցած տարվա ծախսերը ներկայացրեց գրեթե դատարկ դահլիճում: Պատգամավորներից ներկա էին միայն նիստը վարողներն ու «Իմ քայլից» Եղիշե Սողոմոնյանը:
Պատերազմից խոսելով՝ Չոբանյանը նշեց, որ հենց այդ ընթացքում նախարարությունն առաջին անգամ պատվեր է տվել ռազմարդյունաբերական համալիրին: Բանակի մակատարար դառնալու համար այդ կառույցը մեծ պոտենցիալ ունի՝ շեշտեց նախարարի պաշտոնակատարը:
Հայկ Չոբանյան - Այսօր մեր կաողությունները իրականում ավելի մեծ են, քան մենք դեր են խաղում մեր պետության ու զինված ուժերի համար: Մենք շտկում ենք այդ բացը:
Բյուջեի կատարողականի քննարկման երկրորդ օրը խորհրդարանում էր նաև ՊԵԿ նախագահը: Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ 2021-ի առաջին հինգ ամիսներին աճել է հարկային եկամուտների հավաքագրումը՝ կազմելով 618 միլիարդ դրամ: Թե մինչև տարեվերջ որքան մուտքեր կապահովվեն բյուջե, գլխավոր հարկահավաքը կանխատեսումները չի հրապարակում:
Հետհամաճարակային իրավիճակում տնտեսությունն աշխուժացել է, բայց զբոսաշրջության ոլորտն ու դրա հետ կապված մյուս ծառայությունները դեռ ամբողջությամբ չեն վերականգնվել՝ տեղեկացրեց Հովհաննիսյանը: Ու քանի որ երեկվանից բաց է նաև հայ-վրացական ցամաքային սահմանը, ՊԵԿ նախագահն այսօր ևս մեկ անգամ հիշեցրեց՝ թուրքական ծագման ապրանքների ներկրումն արգելված է, ասաց՝ խոսքը նաև անձնական օգտագործման նպատակով ձեռք բերվածին է վերաբերելու:
Ինչ վերաբերում է այն լուրերին, որ խոշոր գործարար, «Իմ քայլի» նախընտրական ցուցակով առաջադրված Խաչատուր Սուքիասյանը Մեղրիում մաքսային նոր տերմինալ է կառուցում, ՊԵԿ նախագահն ասաց՝ նման տեղակություններ չունի:
Հովհաննիսյանը նաև հայտնեց՝ մասնակցելու է արտահերթ ընտրությանն ու իր քվեն տալու է գործող իշխանությանը: Վերադառնալով նիստին՝ «Իմ քայլից» Հովիկ Աղազարյանն Ատոմ Ջանջուղազյանից այսօր հետաքրքրվեց, թե ինչո՞ւ 2020-ին պատգամավորները պարգևավճար չեն ստացել, մինչդեռ ԱԺ աշխատակազմն ստացել է: Ֆինանասների նախարարի պաշտոնակատարը հորդորեց դիմել խորհրդարանի ղեկավարությանը, ասաց՝ որոշողը նրանք են: