Երեխաների պաշտպանության միջազգային օրը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի միջոցառումներին մասնակցել է 44-օրյա պատերազմի մասնակիցների և արցախցի շուրջ 50 երեխա:
Հունիսմեկյան ծրագրի շրջանակում գրադարանի բակում երեխաները մասնակցել են կավճանկարչությանն ու նկարչությանը. նրանց հանձնարարված էր նկարել իրենց երազանքները:
Գրադարանի բացօթյա հարթակում հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել ժամանակակից գրողներ Լիլիթ Ալթունյանի և Օլգա Դարյանի հետ:
Հեղինակներն ընթերցել են իրենց գրքերը, իսկ փոքրիկներն ըստ պատմությունների նկարազարդումներ են կատարել: Տիկին Դարյանը նույնիսկ անհատական վարպետության դաս է անցկացրել բերձորցի սկսնակ ստեղծագործող մի շնորհալի աղջնակի հետ:
Դերասան Ստեփան Շահինյանը հեքիաթներ ու առակներ է պատմել, իսկ երեխաները դրանց հիման վրա պատկերազարդումներ են կատարել: Հեքիաթի սրահում գրադարանի հյուրերը դիտել են «Շունն ու կատուն» հեքիաթի բեմականացումը, կատարել «Ախ, ինչ լավ են սարի վրա» երգը:
Այնուհետ գրադարանի փոքրիկ հյուրերը մասնակցել են Աննա Ասլանյանի «Գագիկն ընկել է երազների գիրկը» գրքի շուրջ ինտերակտիվ խաղ-քննարկմանը: Հեղինակը նախքան քննարկմանն անցնելը երեխաներին է ներկայացրել իր գրքի ստեղծման ու հրատարակության նախապատմությունը, երեխաները զրուցել են հեղինակի հետ:
Միջոցառումներին զուգահեռ օրվա ընթացքում հայկական մուլտֆիլմեր են ցուցադրվել: Արցախցի փոքրիկներից ու զինծառայողների երեխաներից բացի հունիսմեկյան միջոցառումներին միացել են նաև Երևանի մի շարք դպրոցների սաներ: