Արցախի դատախազությունը տեղեկացրել է, որ դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա 15.02.2021 թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը հետագա նախաքննության կատարման համար ըստ քննչական ենթակայության ուղարկվել էր ԱՀ քննչական կոմիտե:
Քրեական գործը հարուցվել էր հաղորդմամբ ներկայացված` 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացումը հեշտացնելու համար նախապես ճանապարհ հարթելու, ԱՀ սահմանների պաշտպանությունն իրականացնող անձանց կողմից մարտական դիրքերը լքելը կազմակերպելու ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ:
Հիշյալ քրեական գործով ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի շարժը և ճանապարհը հստակեցնելու, մարտական գործողություններին ներգրավված` պաշտպանության բանակի զինծառայողներին ու աշխարհազորայիններին և նրանց հրամանատարական կազմը ճշտելու, վերոհիշյալ անձանց մարտական դիրքերը թողնելու հրաման տալու կամ այլ եղանակով հիշյալ գործողությանը դրդելու հնարավոր դեպքերը վեր հանելու ուղղությամբ: Ներկայումս նախաքննական մարմինը սպասում է պետական տարբեր մարմիններին ուղղված հարցումների պատասխաններին, որոնք ստանալուց հետո կկատարվեն մի շարք հարցաքննություններ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ԱՀ ոստիկանությունը, քննչական կոմիտեն և ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը գործում են աննախադեպ ծանրաբեռնվածության պայմաններում (2020 թ. կատարված հանցագործությունների բազմաթիվ դեպքերի կապակցությամբ մինչդատական քրեական վարույթն իրականացվում է 2021 թ.), որի պատճառով քրեական գործերով նախաքննությունը որոշակիորեն դանդաղ է ընթանում: