Իսրայելի Քնեսետը երկրի նախագահ է ընտրել Հրեական գործակալության ղեկավար և Լեյբորիստական կուսակցության նախկին նախագահ Իցհակ Հերցոգին, հայտնում է The Jerusalem Post-ը:
Գործող նախագահ Ռեուվեն Ռիվլինի պաշտոնավարման ժամկետը լրանում է հուլիսի 9-ին:
Նախագահի պաշտոնին էր հավակնում նաև Մարոկկոյում ծնված սիոնիստ ակտիվիստ Միրյամ Պերեցը, որն ապրում է Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի միջև գտնվող հրեական Գիվատ Զեև բնակավայրում:
Քվեարկության առաջին փուլում 120 պատգամավորից 87-ը ձայնը տվել են հօգուտ Հերցոգի: Նրա մրցակիցը ստացել է 27 ձայն:
Այսպիսով, 60-ամյա Իցհակ Հերցոգը դարձավ Իսրայելի 11-րդ նախագահը: Նա երկրի վեցերորդ նախագահ Խաիմ Հերցոգի որդին է, որն Իսրայելը նախագահել է 1983-1993-ին:
Իսրայելում նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով և քաղաքական տեսանկյունից խորհրդանշական պաշտոնյա է՝ ի տարբերություն վարչապետի, որն օժտված է մեծ լիազորություններով:
Նախագահի լիազորությունները սահմանափակվում են բանտարկյալներին ներում շնորհելով, դեսպաններից լիազորագրեր ընդունելով և կառավարություն ձևավորելու համար ներկայացուցիչներ նշանակելով: