ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՈՒՆԵՆ. ՌՈՀԱՆԻ
Վիեննայում իրանական միջուկային ծրագրի վերագործարկման բանակցությունները դրական հունով առաջ են գնում՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա հավելել է, որ ԱՄՆ պատժամիջոցներին առնչվող «հիմնական խնդիրները» լուծվել են: Ռոհանին շեշտել է՝ Վիեննայում տեղի ունեցող բանակցությունների լավ ընթացքն Իրանի ժողովրդի համբերատարության վարձատրությունն է: Նրա խոսքով՝ երկիրը ծանր գին է վճարել նման հաղթանակի համար: Իրանի նախագահը հավելել է, որ երկրի վարչակազմը երկու անգամ իրագործել է իր առաջ դրված խնդիրը`վերացնելով պատժամիջոցները` 2015 և 2021 թվականներին:
ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Պետական այցով Թուրքիայում էր Վրաստանի վարչապետը: Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ: Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ղարիբաշվիլին Անկարայի հետ ակտիվ աշխատելու ու համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Վրաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին հրավիրել է Վրաստան: Էրդողանը հայտարարել է, որ նպատակ ունեն հնարավորինս սեղմ ժամկետում երկրների միջև առևտրի ծավալը հասցնել 3 մլրդ դոլարի: Թուրքիայի առաջնորդը նաև մանրամասնել է, որ Թուրքիան Վրաստանի էներգետիկայի և այլ ոլորտներում կատարել է ներդրումներ, որոնց ծավալը կազմում է 214 մլն դոլար: Կողմերը նաև որոշում են կայացրել հնարավորինս արագ անցկացնել գերագույն ռազմավարական խորհրդի նիստ:
ԻՍՐԱՅԵԼԸ ԱՄՆ-ԻՑ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ
Իսրայելի իշխանությունները մտադիր են դիմել ԱՄՆ-ին՝ ռազմական օգնության խնդրանքով: Բանակի կարիքների համար Թել Ավիվը ակնկալում է 1 մլրդ դոլար ստանալ՝ հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Իսրայելի վարչապետ հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: Սպիտակ տունն արդեն մեծ ծավալով հովանավորում է Մերձավոր Արևելքի իր գործընկերոջը: Վերջին 20 տարվա ընթացքում Վաշինգտոնն Իսրայելին ուղարկել է նաև 63 մլրդ դոլար, որի 90%-ը ծախսվել է զենք գնելու և բանակի մարտունակությունը պահպանելու վրա: Իսրայելին տրամադրված ամերիկյան ֆինանսական աջակցությունը հասել է 236 մլրդ դոլարի:
«ԿՈՐՈՆԱՎԱԿՆ» ԱՀԿ-ԻՑ ՍՏԱՑԵԼ Է ԿԻՐԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսային հիվանդության դեմ չինական «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Առողջապահական կազմակերպությունից վստահեցրել են, որ այն համապատասխանում է անվտանգության, արդյունավետության և արտադրության միջազգային չափորոշիչներին: ԱՀԿ-ի իմունականխարգելման ռազմավարական խորհրդատվական խումբը նույնպես ավարտել է պատվաստանյութի վերաբերյալ ուսումնասիրությունը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Անցած շաբաթ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3,5 մլն դեպք, ավելի քան 78 հազար մահ։ Նախորդ շաբաթվա համեմատ՝ ցուցանիշը նվազել է 15%-ով, մահացությանը՝ 7%-ով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ հիվանդացությունն աճել է Աֆրիկայում և Արևմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, մինչդեռ Եվրոպայում 26%-ի նվազում է դիտվել։