Գառնի-Լանջազատ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են: 18 կմ երկարությամբ ավտոճանապարհը Արարատի և Կոտայքի մարզերն իրար կապող կարևոր ենթակառուցվածք է։ Այն հնարավորություն կտա շրջանցել Հյուսիս-հարավ մայրուղին:
Այս ճանապարհը կգրավի հատկապես այն զբոսաշրջիկներին, որոնք ընտրում են Դվինի հնավայր, Գառնու տաճար, Ազատ գետ և Խոր Վիրապ ուղղությունները: Այստեղ շինարարական աղմուկ չէր լսվել դեռ խորհրդային տարիներից:
Տիգրան Հովհաննիսյան (շինաշխատանքներ իրականացնող ընկերության պատասխանատու) - Աշխատանքների սկիզբը նախատեսած էր դեկտեմբերից, ավարտը 18 ամիս է, բայց մենք կավարտենք 10-12 ամսում, 100 տոկոսանոց վերջնական արդյունք կունենանք:
Հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Կառավարության ու Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Ծրագրի արժեքը 2 մլրդ դրամ է:
Տիգրան Հովհաննիսյան - Շուրջ 200 հազար մետր խորանարդ հողային աշխատանքներ ենք ձմռանը իրականացրել: Այնուհետև՝ տաք եղանակը սկսելուն պես, սկսեցինք ասֆալտապատման աշխատանքները:
Լանջազատ գյուղի հատվածում էլ մայթերի կառուցման աշխատանքներն են: Շուտով կանցնեն կողային առուներին ու ճանապարհի կահավորմանը:
Տիգրան Հովհաննիսյան - Հիմնական ճանապարհի կրողունակ հատվածը ուղղելուց հետո տեղադրել ենք 35 սմ կրողունակ շերտ, 10 սմ ավազակոպճային շերտ, այնուհետև՝ 16 սմ խճային հիմք, հետո խոշորահատիկ ասֆալտբետոն՝ 6 սմ և վերջնական՝ 4 սմ վերևի մանրահատիկ ասֆալտի շերտ ենք տեղադրել:
Աշխատանքներին առաջին օրից հետևում է տեխնիկական հսկողության ներկայացուցիչը: Որակը ստուգել են նաև լաբորատոր պայմաններում:
Մնացական Ալեքսանյան (տեխնիկական հսկողության ներկայացուցիչ) - Լաբորատորիան գալիս էստեղից կեռիները հանում է, տանում ստուգում է՝ խտությունը, հաստությունը, բոլոր տվյալները տալիս է: Պատասխանը դրական է՝ որակը համապատասխանում է նորմերին:
Գառնի-Լանջազատ նոր ճանապարհով Արարատի ու Կոտայքի մարզերը կխաչվեն իրար, առանց մայրաքաղաք մուտքի: Արդյունքում կբեռնաթափվեն նաև Երևանի փողոցները: