ՀՀ բարձրագույն դատական խորհրդի, ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ արդարադատության ակադեմիայի նախաձեռնությամբ հունիսի 1-ին ակադեմիայի շենքում տեղի է ունեցել աշխատաժողով, որին մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Վճռաբեկ և այլ ատյանների դատարանների դատավորներ, Դատախազության և ակադեմիայի ներկայացուցիչներ:
Աշխատաժողովը բացել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ գոհունակություն հայտնելով գործընկեր կառույցների ղեկավարներին հետաքրքիր և կարևոր նախաձեռնության համար:
Այնուհետև գործընկերներին ողջունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ ընդգծելով նման ձևաչափով մասնագիտական քննարկումների առանձնակի կարևորությունն ու արդյունավետությունը:
Աշխատանքային հանդիպման մեկնարկը ողջունելով և իր խոսքում ընդգծելով քննարկման խնդրի տեսական և պրակտիկ նշանակությունը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը կարևորել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և դատախազական հսկողության սահմանազատման կարևորությունը, որից հետո հանդիպման մասնակիցներն անցել են օրակարգում ընդգրկված երեք հիմնական հարցերի վերաբերյալ զեկույցներին և քննարկումներին:
Մասնավորապես, «Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները» թեմայով զեկույց է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը:
«Դատական վերահսկողության և դատախազական հսկողության ինստիտուտների տարանջատումը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները քննելիս» թեմայի վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը և գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:
«Դատավորների բարեվարքության հարցերը իրենց համար վարկառու բանկային կազմակերպությունների գործերը քննելիս» հարցի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական բաժնի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Բարսեղյանը:
Աշխատաժողովն անցել է ակտիվ քննարկումների և կառուցողական մթնոլորտում:
Արդարադատության ակադեմիայի ռեկտորն առաջարկել է քննարկումների արդյունքները հրապարակել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսում: