Հաշվի առնելով մամուլում և համացանցում շրջանառվող տեղեկատվությունը՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է՝ ընդհանրապես, դիերը սառնարանային պայմաններում պահվում են +2, +3, +4 ջերմաստիճանի պայմաններում:
«Հարկ ենք համարում նշել, որ դիապարկերը նախարարությանը տրամադրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Դրանք հատուկ նախատեսված են դիակների և մասունքների պահպանման համար:
Ի դեպ, վերջիններն օգտագործվել են ինչպես Ապրիլյան պատերազմի, այնպես էլ` Արցախյան երկրորդ` 44-օրյա պատերազմի ժամանակ` դիտարկվելով արտակարգ իրավիճակներում և պատերազմական գործողությունների ընթացքում, մեծաքանակ զոհերի դեպքում, դիակների տեղափոխման, պահպանման համար նախատեսված հատուկ պարկեր:
Նշենք, որ այդ պարկերի վրա գրվում են փորձաքննության հերթական համարները, քննչական կոմիտեի կողմից նշված հերթական համարը, ինչպես նաև հայտնաբերման վայրը, թե դին կամ մասունքը որտեղից է բերվել»,- ասվում է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ: