Մենք պատրաստ ենք շատ ակտիվ աշխատել, համագործակցել և միասին իրականացնել բազմաթիվ նախագծեր, այդ մասին, ըստ Վրաստանի հանրային հեռուստաընկերության կայքի՝ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Բնականաբար, մենք անդրադարձանք տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ես պարոն նախագահին ներկայացրի իրավիճակը մեր երկրում: Իհարկե խաղաղությունն այլընտրանք չունի: Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Այս լավատեսությամբ և ոգևորությամբ ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, պարոն նախագահ, որ մենք պատրաստ ենք շատ ակտիվ աշխատել, համագործակցել և միասին իրականացնել շատ նախագծեր: Կրկին շնորհակալություն, մեր մեծ ցանկությունն է ձեզ տեսնել Թբիլիսիում»,- ասել է Ղարիբաշվիլին:
«Ուրախ եմ պատիվ ունենալ այսօր Անկարայում հյուրընկալել պարոն Իրակլի Ղարիբաշվիլիին և նրա ուղեկցող պատվիրակությանը: Պարոն վարչապետն արդեն եղել է Թուրքիայում՝ որպես ներքին գործերի նախարար և պաշտպանության նախարար, և նա ղեկավար է, որը լավ գիտի մեր երկիրը»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքով՝ այս տարին կարևոր է նաև այն իմաստով, որ Անկարայում վրացական դիվանագիտական ներկայացուցչությունը բացվել է 100 տարի առաջ, և նաև Վրաստանի անկախության 30-ամյակն է:
«Վարչապետի հետ մենք դեմ առ դեմ քննարկեցինք երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր, այնուհետև հանդիպումներ անցկացվեցին մեր պատվիրակությունների միջև: Թուրքիան արդեն 14 տարի հանդիսանում է Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը: Չնայած առևտրի ծավալի փոքր անկում տեղի ունեցավ 2020 թվականին, մենք նպատակ ունենք հնարավորինս սեղմ ժամկետում առևտրի ծավալը հասցնել 3 մլրդ դոլարի: Ընթանում են բանակցություններ և խորհրդատվություններ նաև ազատ առևտրի համաձայնագրի ընդլայնման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, մենք քրտնաջան աշխատում ենք մեր առևտրային ներուժն ավելացնելու և, այս առումով, մաքսային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև մնացած բոլոր ոլորտներում Վրաստանում կատարվել են թուրքական ներդրումներ, որոնց ծավալը կազմում է 214 մլն դոլար: Մենք Վրաստանի հետ մեծ, կարևոր նախագծեր ենք իրականացրել, որոնք ամբողջությամբ փոխում են տարածաշրջանի տեսքը: Նման ռազմավարական նախագիծը Հարավային գազի միջանցքն է, որի վրա մենք ստեղծել ենք այս հարթակը: Կապող մեխանիզմների և տարբեր համակցված միջանցքների միջոցով մենք նախաձեռնել ենք բազմակողմ համագործակցություն»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան Վրաստանին տեսնում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի: «Մենք նաև որոշեցինք հնարավորինս արագ անցկացնել գերագույն ռազմավարական խորհրդի նիստ: Օգտագործելով առկա մեխանիզմները՝ մենք շարունակում ենք ամուր քայլեր ձեռնարկել»,- ասել է Թուրքիայի նախագահը: