Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել այդ երկրում պահվող հայ ռազմագերիների մասին։ Ըստ ադրբեջանական լրատվականների՝ տարածված հաղորդագրությունում նշվում է, որ ավարտվել է 14 հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերի նախաքննությունը, որոնք, իբր, ահաբեկչական և այլ հանցավոր գործողություններ են իրականացրել Ադրբեջանի տարածքում։ Գործն ուղարկվել է դատարան։
Խոսքը 44-օրյա պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդից գերեվարված շիրակցի պահեստազորայինների մասին է։
Իրավապաշտպաններն արձանագրում են, որ հայ զինծառայողների հարցի քրեականացումը հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջների կոպտագույն խախտում է: Հայ զինծառայողները կարգավիճակով գերիներ են, նրանք իրենց գերեվարման վայրերում են գտնվել բացառապես իրենց իրավական պարտականությունը կատարելու՝ զինվորական ծառայություն տանելու նպատակով ու նրանք պետք է առանց որևէ նախապայմանի ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան:
Նշենք, որ Եվրամիությունը, Եվրոպական խորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները և բազմաթիվ ականավոր գործիչներ հանդես են եկել Ադրբեջանին ուղղված կոչերով՝ առանց նախապայմանի և անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: