Ժամանակը խնայելու, անկախ գտնվելու վայրից, խնդրի արագ լուծման համար խումբը նախագծել և ստեղծել է հարթակ: Տանը, աշխատանքի վայրում, եթե սարք է փչացել, այս հավելվածով կարող եք գտնել համապատասխան մասնագետի, գրանցել պատվեր, նշել գտնվելու վայրը, օրն ու ժամը: Մասնագետը կգա և խնդիրը կկարգավորի:
Արսեն Մնացականյան, «Վարպետ» հարթակի տնօրեն - Մենք պարզապես հանդիսանում ենք մասնագետի և օգտատերի միջև կապող օղակ: Սա հարթակ է, որտեղ օգտատերերը կօգտվեն բարձր մակարդակի ծառայություններից:
Հարթակը ներառում է տարբեր ոլորտների ավելի քան 600 ծառայություն: Վարպետ-հավելվածով թիմը երկու հարց է լուծել՝ պատվիրատուի խնդիրն արագ լուծվում է, մասնագետն էլ անաշխատանք չի մնում: Հավելվածն արդեն ունի 50 հազարից ավելի ներբեռնում, գրանցված է ավելի քան 1400-ից ավելի մասնագետ, պատվերների թիվը մեկ օրում հասնում է 100-ի:
Արսեն Մնացականյան - Արդյունքում՝ հնարավորություն կունենանք գնահատել մասնագետին, կունենանք հնարավորություն կրկնակի պատվերներ գրանցելու:
Պարբերաբար ավելացնելով ծառայությունների բաղադրիչները՝ թիմը կարճ ժամանակում ստեղծել է 25 հավելված: Դրանցից մեկով արագ հաստատվում է հիվանդ-բժիշկ կապը, կարելի է նաև գանգատներն ուղարկել և ստանալ համապատասխան ցուցումներ:
Գրիգորի Ջլավյան, ընկերության հիմնադիր - Ամպային տեխնոլոգիայի միջոցով փոխանցվում են սերվեր, այնտեղից համապատասխան անալիզներ կատարելով՝ իրենց համար գրվում են դեղատոմսեր:
Նորարար ընկերություններին կառավարությունը հարկային արտոնություն է տրամադրում: Մինչև 30 աշխատող և հետաքրքիր գաղափար առաջարկող թիմերը կարող են դիմել, ստանալ հավաստագիր: Եկամտային հարկն այդ աշխատողների համար կկազմի 10 տոկոս, իսկ ընկերությունը կազատվի հարկերից, շահութահարկից, եկամտահարկից:
Հայկ Ասլանյան, ՀՀ ԲՏԱ նախարարի խորհրդական - Մոտ 3000 աշխատատեղ է ավելացել այս ընկերությունների շրջանակներում, մոտ 1000 ընկերություն է գրանցվել, ստացել հավաստագիր:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է նաև գաղափարից մինչև բիզնես ծրագիրը: Կտրամադրվեն դրամաշնորհներ՝ հիմքում ունենալով երեք բաղադրիչ՝ նորարարական, հեռանկարային և բեկումնային;
Հայկ Ասլանյան - Նախատեսում ենք հեռանկարային կոմպոնենտն անցկացնել հեռուստատեսության հետ համատեղ, որը ցույց կտա հանրությանը և նորաստեղծ ընկերություններին, որ շատ դյուրին է դարձել ընկերության ստեղծումը:
Հայաստանը մոտ ապագայում ՏՏ ոլորտի մասնագետների համար հավակնում է դառնալ ֆրի լանս շահավետ կենտրոն՝ հնարավորություն տալով աշխարհի տարբեր երկրների մասնագետներին, անկախ հեռավորությունից, աշխատել Հայաստանի համար: