Կորոնավիրուսային հիվանդության դեմ (COVID-19) չինական «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն՝ հավաստիացնելով, որ այն համապատասխանում է անվտանգության, արդյունավետության և արտադրության միջազգային ստանդարտներին: Այս մասին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարությունը:
ԱՀԿ-ի իմունականխարգելման գծով ռազմավարական խորհրդատվական խումբը (SAGE) նույնպես ավարտել է պատվաստանյութի վերաբերյալ իր ուսումնասիրությունը:
Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ պատվաստանյութը 100%-ով կանխում է COVID-19-ի ծանր դեպքերը, հոսպիտալացումները և մահվան ելքերը։
Առկա ապացուցողական տվյալների հիման վրա` ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստանյութն օգտագործել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ երկու դեղաչափով, 14-28 օր միջակայքով: Հետևաբար, Հայաստանում «ԿորոնաՎակ»-ով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ երկու դեղաչափերի միջև 28 օր միջակայքով, ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով:
Հիշեցնենք, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։
Նախապես անհրաժեշտ է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի և մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից տարածքներ, ինչպես նաև «Դալմա գարդեն մոլ» և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ: