Վերջերս մի շարք լրատվամիջոցներ անհեթեթ լուրեր են տարածում այն մասին, թե Հանրային հեռուստաընկերությունը օրեր առաջ «ադրբեջանամետ քարոզ է» հեռարձակել:
Խոսքը «Լուրերի» ռեպորտաժի մասին է, որը պատմում էր նախկինում գոյություն ունեցող հայկական և ադրբեջանական անկլավների, դրանց այսօրվա կարգավիճակի և հետագա հնարավոր խնդիրների մասին։ Ինչպես միշտ, Հանրայինը կարևորում է հանրության տեղեկացված լինելու իրավունքը` համարելով, որ տեղեկացված մարդը նաև պաշտպանված է։
Սակայն կուսակցականացված մամուլը ընտրությունների շեմին չխորշեց այս զգայուն թեման օգտագործել ներքաղաքական քարոզչական պայքարում և շրջանառեց կեղծ թեզը։ Հանրայինը, բնականաբար, չարձագանքեց մեղադրանքներին, որպեսզի տուրք չտա արհեստական ստեղծված օրակարգին։
Սակայն, զարմանալիորեն, «Լուրերի» ռեպորտաժին անդրադարձավ նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր մայիսի 31-ի հայտարարությամբ։ Արման Թաթոյանը նախ՝ ռեպորտաժի մեջ կամայականորեն «հայտնաբերեց» մարդու իրավունքների հորինված խախտումներ, ապա «մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի» համարեց «ադրբեջանական անկլավ» քաղաքական-մեխանիկական ձևակերպումը» և պահանջեց Հանրային հեռուստաընկերությունից «ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող նյութեր պատրաստելիս ղեկավարվել բացառապես մասնագիտական մոտեցումներով»:
Հանրային հեռարձակողի խորհուրդը՝ որպես Հանրային հեռուստաընկերության կառավարման մարմին, որը պատասխանատու է Հանրային հեռուստաընկերության ծրագրային քաղաքականության համար, ուշադրությամբ քննելով Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ հայտնում է հետևյալը․
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, գերազանցելով իր լիազորույթները, ինչպես նաև լրագրողական աշխատանքը գնահատելու իր իրավասությունը, բացահայտ միջամտում է լրատվամիջոցի գործունեությանը, ինչն անթույլատրելի է ժողովրդավարության և հենց մարդու իրավունքների տեսանկյունից։
Միաժամանակ հորդորում ենք Հանրային հեռուստաընկերությանը՝ դիմել երրորդ կողմին՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին, իր պատրաստած ռեպորտաժի մասին անկողմնակալ մասնագիտական կարծիք ստանալու և հանրությանը ներկայացնելու համար։