Հայաստան, Երևան, ժամը 5։00․ մի խումբ արցախցիների հետ սպասում եմ ավտոբուսի. գնում ենք Ստեփանակերտ։
- Կներեք, տոմսն ի՞նչ արժի,- հարցնում եմ կողքիս ծխող տղամարդուն։
- Անվճար։ Հետաքրքիր ա, չէ՞։ Էնպես ա ստացվել, որ մեզ հայրենիք են հետ տանում, էն էլ՝ անվճար։ (Լուռ շարունակում ենք սպասել) Արցախ ինչի՞ ես գնում՝ փախստական չես։
- Լրագրող եմ, ուզում եմ մարդկանց հետ խոսել։
- Ես Բադարայից եմ (Ասկերանի շրջան.- խմբ․), էրեխեքիս հետ գնում ենք գյուղ։ Կգաս մեր մոտ, սիրուն տեղեր ցույց կտանք։ Ճիշտ ա՝ տնից համարյա բան չի մնացել, բայց կհարմարվես։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ «Պատերազմի օրերին Հայաստանում հաստատվել էր ավելի քան 90000 տեղահանված արցախցի, որոնց զգալի մասը վերադարձել է։ Այժմ Հայաստանում շարունակում է մնալ մոտ 25000 արցախցի։ Փախստականների համար ամեն օր գործում են Երևան-Ստեփանակերտ անվճար ավտոբուսներ:
Ճանապարհին Համասյան եմ միացնում (հայկական սարերին «ամենասազական» երաժշտությունը)։ Ավտոբուսում գրեթե բոլորը լուռ են՝ իրենց մտքերի հետ։ Հասնում ենք Բերձոր (Լաչին), ռուս խաղաղապահները ստուգում են բոլորի անձնագրերը, բարի օր մաղթում։ Ուսապարկից հանում եմ ՌԴ ՊՆ խաղաղապահ առաքելության իրականացման գոտում իրավիճակի քարտեզը․ «Էդ մի՛ նայի, մի քիչ հետո Շուշի ենք հասնելու»,- հուշում է տղամարդը Բադարայից։
Շուշիի խաչմերուկին, որտեղ տեղակայված են ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները՝ մի կողմից, և ադրբեջանցի զինվորականները՝ հենց բերդաքաղաքի մուտքին, տարուբերվում են ադրբեջանական դրոշները։ Կապույտ, կարմիր ու կանաչ ներկված տառերի կողքով անցնելիս պատուհանի մոտ նստած ուղևորներից մեկը քաշում է վարագույրը։
Ստեփանակերտում ինձ դիմավորում է ընկերս՝ Դավիթը, որ հենց առաջին օրվանից լուսանկարել է պատերազմի արհավիրքը։ Վերջերս տեղի ունեցավ նրա «Պատերազմի աչքերը» ցուցահանդեսը։
Շատ բան փոխվեց իմ մեջ, ես ներքուստ դեռ էնտեղ եմ՝ պատերազմում․ 44-օրյա պատերազմը՝ Դավիթ Ղահրամանյանի աչքերով
- Դիմակդ հա՛ն, էստեղ արդեն ոչ մեկը չի դնում․ պատերազմի ժամանակ բոլորը հիվանդացել-լավացել են,- Դավիթին զվարճացնում է շփոթված դեմքս։ - Գնանք՝ հանգստանաս։ Հետո քեզ հետաքրքիր մարդկանց հետ պիտի ծանոթացնեմ։
Հյուրանոցում եմ․ պատուհանից բացվում է երազանքներիս տեսարանը․ հեռվում՝ սարեր, անտառ, դիմացի մայթին՝ Հարկայինի շենքը։ Վերցնում եմ տեսախցիկս, գնում դուրս։ Փողոցները մարդաշատ են, բայց՝ խաղաղ, այստեղ նույնիսկ երեխաներն են լուռ խաղում։ Փաստորեն, «լվացքի մշակույթը» Իտալիայի մենաշնորհը չէ․ Ստեփանակերտն էլ լավ մրցակից կլիներ։
Հեռվում փայտաշեն կառույց եմ նշմարում՝ կանաչով ու գույնզգույն բարձերով «հարդարված»։ Ցանկապատի դիմաց սպասում է Դավիթը․ «Հայկը ներսում է։ Սրճարանը նոր պիտի բացվի։ Հիմա էդ հարցերով է»։
Հայկը պատերազմի մասնակից է, սեպտեմբերի 28-ին արդեն դիրքերում էր․ մարտական գործողության ժամանակ կորցրել է ոտքը։
«Տանն էի, որ սկսվեց։ Հենց նույն օրն էլ հավաքվեցի, գնացի։ Մինչև հոկտեմբերի 26-ը մնացի, այդ օրը վիրավորվեցի։ Ականի վրա եմ կանգնել՝ գործողության ժամանակ։ 4 ժամ հետո մեր հետախուզական վաշտի տղերքը հանեցին։ Պրոթեզավորումը պետության միջոցներով արեցինք։ Մեկուկես ամիս արդեն առանց ձեռնափայտի եմ քայլում։
(Լռում է, նայում եմ արտահայտիչ աչքերին ու բարի ժպիտին) Ամենածանր օրն էր, հա․ հասկանում էի, որ կյանքս վերջանում է, հասկանում էի, որ ավելի լավ է մեռնեմ, բայց գերի չընկնեմ․ նռնակը պատրաստ պահել էի․․․ մի հրաշքով փրկվեցի»։
Հայկն արդեն 7 տարի հյուրընկալության ոլորտում է աշխատում։ 2019-ին Շուշիում սեփական ռեստորանն էր բացել։
«Պատերազմից հետո կորցրի էդ ամեն ինչը․ Շուշիի պարիսպներում էր․ 1,5 տարի տևեց կյանքը։ Բայց գիտեի, որ կանգ չեմ առնելու։ Կազդուրվելուց հետո որոշեցի, որ այս տարածքը հարմար կլինի։ Անունը դրեցինք «Բաժակ»․ ավելի շատ կենտրոնացած կլինի գինու վրա»,- պատմում է Հայկն ու անընդհատ բողոքում, որ իրեն նկարում ենք։
Հարցնում եմ՝ «Շատերն Արցախից գնում են, իսկ դո՞ւ, մտածե՞լ ես դրա մասին։ Ապագա տեսնո՞ւմ ես»։
«Հույս կա։ Մենք, մեր ազգն ընդհանրապես, վիրավոր ենք, բայց ես հավատում եմ բանակին, մեզ։ Ես վստահ եմ, որ մարդ իր տան մեջ երբևիցե չպիտի վախենա։ Եթե մենք թողնենք վիրավորված Արցախն ու գնանք, կարծում եմ՝ կդավաճանենք Արցախին։ Ես մտածում եմ, որ ամեն հայ պետք է տա այն ամենը, ինչ կարող է տալ հայրենիքին նման իրավիճակում։ Ես վստահաբար մնալու եմ, փորձում եմ նորից սկսել, չեմ դադարում ապրել, թեկուզ շատ դժվար է, հատկապես վիրավորումից հետո։ Դժվարությամբ եմ քայլում, բայց փորձում եմ անցնել բնականոն կյանքի, ես արդեն անցել եմ բնականոն կյանքի։ Նոր բաներ կմտածենք․․․ Արցախը նորից ոտքի կկանգնի։
Պատերազմի ժամանակ երեք հասկացություն կար ինձ համար՝ վախ, հայրենիք, ընկերություն։ Ես վախը դրել էի երրորդ տեղում։ Ես իմ տանն եմ ապրում, իմ քաղաքում։ Ես վախի հետ սեր չունեմ»։
Հայկին հաջողություն մաղթելուց հետո Դավիթը որոշում է ինձ ծանոթացնել Ստեփանակերտին (գիտի՝ առաջին անգամ եմ Արցախում), հանկարծ կեսճանապարհին կանգ է առնում․ «Վա՜յ, մոռացա քեզ մի բան պատմել։ Հայկը սելֆի ունի պատերազմից․ շտուռմից 5 րոպե առաջ են արել, որ հետո նկարով ստուգեն՝ ով կենդանի մնաց, ով՝ չէ»։
Փառք Աստծո, բոլորը կենդանի են դուրս եկել։