Լրագրողներն այսօր ԱԺ-ում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին խնդրել են մեկնաբանել, թե ինչ է նկատի ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, երբ ասել է՝ ներդրումներ են հորդում Հայաստան:
Ավանեսյանի խոսքով՝ Վահան Քերոբյանի հայտարարությունը նրան էր վերաբերում, որ ներդրումային դաշտը սկսում է գնալով կարգավորվել:
«Մենք բազմիցս ասել ենք, որ միջնաժամկետ հատվածում ՀՀ ներդրումային դաշտը շարունակելու է հետաքրքիր լինել ներդրողների համար: Հետաքրքրությունը տարբեր կազմակերպությունների կողմից, ինչպես հայկական, այնպես էլ դրսի, առկա է: Իհարկե, կա որոշակի զգուշավորություն, դա հասկանալի է, բայց նախարարի ասածը, ամենայն հավանականությամբ, այն մասին էր, որ հետաքրքրությունը շարունակում է մնալ:
Շինարարության ոլորտը, եթե նայենք մաքուր նոմինալ թվերով, 2019-ի մակարդակը կարողացել ենք այս եռամսյակներում համեմատաբար վերականգնել, ինչն արդեն վատ չէ: Իհարկե, մենք ներկայիս դրությամբ շատ ուշադիր նայում ենք բոլոր ոլորտներին, հատկապես մշակվող արդյունաբերության ոլորտին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա մեր տնտեսական վերականգնման և ապագա աճի առանցքային ոլորտներից է լինելու, որովհետև, այո՛, մենք պետք է արժեք ստեղծենք աշխարհի համար: Որոշ տեղեր արդեն բավականին լավ արդյունքներ կան, սակայն պարզ է, որ հետպատերազմյան և հետկորոնավիրուսային ժամանակներում կառուցվածքի փոփոխությունները կարող են բերել նրան, որ այն ոլորտները, որոնք ներկայիս դրությամբ լավ վիճակում են, կարող են վատ վիճակում հայտնվել և հակառակը: Օրինակ՝ տուրիզմի ոլորտը, մեր կանխատեսումներով՝ պետք է սկսի արագ վերականգնվել»,- ասաց նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ զբոսաշրջության պատկերը մեծապես կախված է լինելու միջազգային զբոսաշրջային հոսքերից:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում ներդրումներին, Ավանեսյանը նկատեց՝ վերջին տարիներին մեծ ծավալներով ինտենսիվ այգիներ են սկսել հիմնվել:
«Մենք պատրաստվում ենք դա խրախուսել, և, այո՛, ինտենսիվ այգեգործությունն ու գյուղատնտեսությունն են լինելու այն ճյուղը, որով գյուղատնտեսությունը պետք է զարգանա: Մենք՝ որպես հանրություն, դրանից միայն շահելու ենք, ուստի հանրային ռեսուրսները պետք է ուղղենք նրան, որ անցումը դեպի ինտենսիվ գյուղատնտեսություն արագ տեղի ունենա»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը: