Ադրբեջանը սկսել է 2 հայ ռազմագերու շինծու դատավարությունը՝ նրանց մեղադրելով Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցիներին իբր խոշտանգելու համար: Բաքուն պնդում է, թե Լյուդվիգ Մկրտչյանն ու Ալյոշա Խոսրովյանն իրականացրել են ռազմական հանցագործություն:
Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Ինձ համար կարևոր չէ՝ ինչո՛ւմ են մեղադրում, կարևոր է՝ դատն ինչպես է իրականացվում, երևում է, որ ֆարս է:
Ռազմագերիներն Ադրբեջանում չունեն մեղադրանքից պաշտպանվելու հնարավորություն: Բաքուն իրականացնում է դատավարական նույն բեմականացումը, ինչ արել է երկու տարի առաջ՝ Կարեն Ղազարյանին ներկայացնելով դիվերսանտ ու նրան դատապարտելով 20 տարվա ազատազրկման: Նման դեպքերում կալանավորված անձանց դատավարական իրավունքների ապահովման մասին նախադեպ սահմանել է Եվրադատարանը՝ Ադրբեջանում սպանված թթուջուրցի հովիվ Մանվել Սարիբեկյանի գործով որոշմամբ:
Արա Ղազարյան - ՄԻԵԴ-ը նշել է ուղեցույցը, որ գիտենք, որ Ադրբեջանը պարտվելու է: Այս մարդիկ գտնվում են առանց արտաքին աշխարհի հետ կապի, կալանքի տակ, անգամ նախաքննությունն ավարտվել է, բայց դատաքննության ժամանակ գտնվում են առանց արտաքին կապի, լուրջ խախտում է: Հնարավորություն չունի փաստաբանի, զանգելու հարազատներին:
Մինչդեռ սիրիացի վարձկանների դատավարությանը, ամբաստանյալները դահլիճից տարանջատված չէին, ապահովված էին նրանց պաշտպանական միջոցները: Եղեգիսցի, կապանցի հայ ռազմագերիներից ադրբեջանցի իրավապահները փորձել են կորզել կեղծ ցուցմունքներ, իբր ավելի քան մեկ տասնյակ տուժող ներգրավել գործում: Ստացվում է՝ Բաքուն ոչ միայն արհամարհում է հայ գերիներին ազատ արձակելու միջազգային հանրության կոչերը, այլև կեղծ մեղադրանքներ «կարում» նրանց նկատմամբ:
Դիանա Քարազյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ՄԻԵԴ-ում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար) - ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ներկայացրել է դիմումներ միջանկյալ միջոցի մասին: Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի վերաբերյալ ևս կան կայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ:
Սերգեյ Ղազինյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական) – Ունենք հավաքագրված տեսանյութեր, որոնք խոսում են պատերազմական հանցագործությունների մասին: Ցույց ենք տալիս, որ Ադրբեջանում ունենք պետականորեն քարոզվող հայատյաց քաղաքականություն:
Ադրբեջանը դեռ չի պատասխանել ՄԻԵԴ-ին՝ գերեվարված վեց հայ զինծառայողի գործով: Եվրադատարանը մինչև հունիսի 4-ը ժամկետ է տվել: Խաղաղության շղարշի տակ պաշտոնական Բաքուն փորձում է առաջ տանել կեղծ օրակարգեր: Ադրբեջանը, ըստ Արա Ղազարյանի, դեռ կներկայացնի նոր շինծու դատավարություններ ու քրեական գործեր: Բայց նկատի ունենալով Գուրգեն Մարգարյանի, Մանվել Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռները՝ հայկական կողմն ակնկալում է այս գործերով ևս նպաստավոր վիճիռներ: