Խորհրդարանին ուղղված նամակում Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը, անդրադառնալով ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներին, տեղեկացրել է, որ Նիդերլանդները շեշտել է Ադրբեջանում մնացած հայ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման կարևորությունը, ինչպես նաև՝ ամենաարագ կերպով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակույթային ժառանգության գնահատման առաքելության գործուղումը տարածաշրջան՝ համաձայն Սեխերսի և ֆան դեր Ստաայի բանաձևերի։
Նիդերլանդները ընդգծել է երկու երկրների միջև սահմանից զորքերի անհապաղ հեռացման և բանակցությունների սեղանի շուրջ վերադարձի կարևորությունը։
«Մայիսի 28-ին նաև Նիդերլանդների նախաձեռնությամբ ԵՄ-ն հանդես եկավ նոր համատեղ հայտարարությամբ, որում խոր մտահոգություն է արտահայտում սահմանային զարգացումների վերաբերյալ և ընդգծում լարվածության թուլացման կարևորությունը։ Կոչ է արվում զորքերն անմիջապես հեռացնել սահմանից, և նշվում է սահմանազատման հարցը բացառապես բանակցությունների միջոցով հստակեցնելու անհրաժեշտությունը։ Հայտարարությունն ընդգրկում է նաև հայ ռազմագերիների անհապաղ ազատման կոչն Ադրբեջանին»,- շեշտել է ԱԳ նախարարը։