Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հերթական ապատեղակատվությունն է տարածել՝ փորձելով հայկական կողմին մեղադրել սահմանը խախտելու համար՝ նշելով ենթադրյալ միջադեպի վայրը։
«Հունիսի 1-ին Հայաստանի զինված ուժերը՝ բաղկացած մոտ 40 հոգուց, Ադրբեջանի Քելբաջարի շրջանի Արմուդլու գյուղի ուղղությամբ 400 մետր հեռավորության վրա մտել են Ադրբեջանի տարածք և հյուսիսային լայնության 40 աստիճան 4 րոպե 30 վայրկյան, արևելյան երկայնության 45 աստիճան 54 րոպե 42 վայրկյան (N 40 ° 04 '30", E 45 ° 54'42 ") աշխարհագրական կոորդինատներով տեղանքում զբաղեցրել են դիրքեր»,- ասվում է հայտարարության մեջ:
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ապացուցելով, որ Հայաստանին ուղղված մեղադրանքը կեղծ է։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր փորձել է հայկական կողմին մեղադրել իր սահմանը խախտելու համար՝ նշելով իբր տեղի ունեցած միջադեպի վայրը։ Ընդհանուր պլանի պատկերում կարմիր կետով նշված են Ադրբեջանի ՊՆ կեղծ կոորդինատները։ Իրականում ադրբեջանական դիրքերն այդ ուղղությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքի խորքում»,- նշել է Հովհաննիսյանը։
Կից ներկայացված են այդ դիրքերի լուսանկարները և դրանց աշխարհագրական տեղորոշումը։