Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանին:
Ազգային ժողովի նախագահը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Պարոն վարչապետ, Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ պետություն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Հայաստանի համար անցած բարդ ժամանակահատվածում մենք եղել ենք մշտական կապի մեջ հայ գործընկերների հետ, մեր պատգամավորները եղել են Հայաստանի կողքին: Մեր քայլերով հետագայում էլ նպաստելու ենք հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»,- ասել է Ռիշար Ֆերանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արձանագրել, որ Հայաստանը բոլոր դժվարին ժամանակներում զգացել է բարեկամ Ֆրանսիայի, այդ թվում՝ Սենատի ու Ազգային ժողովի պատգամավորների աջակցությունը: «Խոսքը միայն քաղաքական գործիչների մասին չէ. ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում սոցհարցում էր եղել, և հարցին, թե ո՞ր երկրին եք համարում Հայաստանի բարեկամ, հարցվածների գերակշիռ մասը պատասխանել է` Ֆրանսիային: Բնականաբար, մենք շահագրգռված ենք, որպեսզի Ֆրանսիան ավելի մեծ ներկայություն ունենա Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` կարևորելով ֆրանսիական բիզնեսի, ներդրողների ներկայության ընդլայնումը Հայաստանում: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է` երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչը պետք է ավելի ծանրակշիռ լինի:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին և նշել, որ գլխավոր խնդիրը երկրի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն է: Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերի հանգամանքները և այս պարագայում էլ շեշտել Ֆրանսիայի բարեկամական կեցվածքը: «Այդ կապակցությամբ Ֆրանսիան հստակ, միանշանակ և տարընթերցման տեղիք չտվող դիրքորոշում արտահայտեց»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ փորձում է սահմանային իրավիճակը հանգուցալուծել դիվանագիտական ճանապարհով:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերը այդ գործընթացում: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության անհրաժեշտության մասին, ինչպես նաև հայ ռազմագերիների վերադարձի ապահովման նպատակով ընդունված բանաձևերի կարևոր նշանակությունը:
Ռիշար Ֆերանը հավելել է, որ ուշադրությամբ են հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: «Ֆրանսիան Հայաստանի կողքին է, խնդրում եմ մեր ուղերձը փոխանցեք հայ ժողովրդին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանում հաստատվի կայունություն և բարեկեցություն: Դուք միշտ ապավինել եք մեզ և կարող եք ներկայում ու ապագայում ևս ապավինել մեզ»,- ընդգծել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը:
Ֆրանսիական կողմը ևս մեկ անգամ շեշտել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի շուտափույթ ապահովման, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը և այդ գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումը: «Հույս ունենք, որ առաջիկա ընտրություններից հետո Հայաստանը կվերականգնի իր միաբանությունը և կգնա դեպի ապագա»,- ասել է պարոն Ֆերանը:
Միաժամանակ տեղեկացվել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում այժմ մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև, ինչպես նաև նախապատրաստվում է Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի այցը մեր երկիր:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին, մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը և երկուստեք հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հարցեր: