ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառռւյթի շրջանակներում իրականացվում են ուսումնասիրություններ հանրապետության տարբեր տարածքներում ընդերքօգտագործման հետ կապված օրենսդրության պահանջների պահպանության վերաբերյալ:
Մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված նյութերի հիման վրա սկսված ուսումասնիրությամբ, որի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, պարզվել է, որ ըստ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 2021թ. փետրվարին ՀՀ Արարատի մարզի Շահումյան-Ռանչպար հատվածներում` Արաքս գետի ավազանում իրականացված չափագրման արդյունքների, արձանագրվել է, որ «Ա...» ՍՊԸ-ին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությամբ նախատեսված Նորամարգի ավազի հանքավայրին հարակից տարածքում՝ 5.871,2 մ2 մակերեսից արդյունահանվել է 14.678 մ3 ավազ:
ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալներով նախնական հաշվարկով նշված ծավալով օգտակար հանածոյի արժեքը (առանց անուղղակի հարկերի) կազմել է ավելի քան 35 մլն դրամ, որի միայն բնօգտագործման վճարը կազմել է շուրջ 3մլն դրամ:
Այսինքն, թույլտվածությամբ չնախատեսված տարածքում ընկերության կողմից հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնների խախտմամբ ընդերքի ապօրինի շահագործման՝ ընդհանուր առմամբ 14,678 մ3 ծավալով` 35 մլն դրամ արժեքով ավազի արդյունահանման արդյունքում ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական վնաս:
Մեկ այլ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա կատարված ուսումանսիրությամբ պարզվել է, որ «Ֆ...» ՍՊԸ-ն 31.03.2021թ. գրությամբ դիմել է նշված նախարարություն՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի հարավային տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստանալու նպատակով:
Ընկերության կողմից ներկայացված նյութերում առկա են եղել էական անհամապատասխանություններ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի ֆոնդային նյութերի հետ: Մասնավորապես, հանքավայրի հարավային տեղամասի շահագործման աշխատանքային նախագիծը կազմված է ստորգետնյա եղանակով արդյունահանման աշխատանքների համար, որին համապատասխան՝ ՍՊԸ-ն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող քարտեզագրական նյութեր՝ առանց դրանց վրա արտահայտված բացահանքի եզրագծերի՝ հաստատված նշված ՊՈԱԿ-ի ֆոնդային կնիքով: Մինչդեռ, ՊՈԱԿ-ի ֆոնդի քարտեզագրական նյութերում առկա են բացահանքի եզրագծեր:
Նշված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է երկու առանձին քրեական գործ: Առաջին դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով և 291-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ երկրորդ դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: