ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը՝ կազմակերպության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորությամբ: Վերջինիս ուղեկցում էր Հայաստանյան Կարմիր խաչի ընկերության ղեկավար Աննա Եղիազարյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով պատվիրակությանը՝ Վահրամ Դումանյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը և վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում իրականացրած աշխատանքները: Նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է իրականացվող համատեղ ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը և նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը: Վահրամ Դումանյանն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ նրանց հայրենիք վերադարձնելու գործում ակնկալելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը:
«Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների խնդիրը որևէ կերպ չի տեղավորվում ժամանակակից աշխարհի և, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային նորմերի շրջանակում: Ի վերջո, կան կանոններ, որոնք 21-րդ դարում պետք է գործեն ողջ երկրագնդի վրա: Ցավոք, այսօր կյանքը հակառակն է ապացուցում, և այս հարցում մենք ապավինում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործուն միջամտությանը, որն այս պայքարի առաջամարտիկն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն իր հերթին ընդգծել է, որ հանդիպումը պատեհ առիթ է՝ ներկայացնելու կառույցի գործունեությունը Հայաստանում և քննարկելու ԿԳՄՍՆ-ի հետ հնարավոր համագործակցությունը:
Անդրադառնալով ռազմագերիների խնդրին՝ նա նշել է, որ կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են ազատազրկման մեջ պահվող անձանց, ինչպես նաև աջակցում են նրանց ընտանիքներին՝ տեղեկատվության փոխանակման առումով: Թիերի Ռիբոն վստահեցրել է, որ կոմիտեի աշխատակիցները մշտադիտարկում են ռազմագերիների ազատազրկման պայմանները: Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրականացնում է մի շարք ծրագրեր՝ մեղմելու պատերազմական գործողությունների անմիջական ազդեցությունը սահմանամերձ համայնքների բնակիչների վրա: Այդ համատեքստում նա շեշտել է, որ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ ձեռնարկել է «Օգնի՛ր օգնողներին» պիլոտային ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվում են մարզային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների 12 հոգեբաններ: Վերապատրաստում անցած հոգեբաններն իրենց հերթին կվերապատրաստեն սահմանամերձ դպրոցների (Սյունիքի և Տավուշի մարզեր) ուսուցիչներին, որպեսզի նրանք կարողանան առաջին հերթին հոգեբանական պատշաճ աջակցություն տրամադրել երեխաներին՝ հաղթահարելու պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը: Ծրագրի մեկնարկին զուգահեռ՝ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը փոխըմբռնման հուշագիր ստորագրելու ցանկություն է հայտնել: Թիերի Ռիբոն հույս է հայտնել, որ ծրագիրը կլինի երկարաժամկետ և շարունակական, որպեսզի վերապատրաստում անցած ուսուցիչներն իրենց ստացած հմտություններն ու կարողությունները փոխանցեն համայնքի այլ անձանց: Նա նաև նշել է իրենց բնակության վայրից տեղահանված երեխաներին հոգեբանական աջակցության տրամադրման կարևորության մասին: Թիերի Ռիբոն քննարկման է ներկայացրել միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացի՝ համալսարանական ծրագրերում ներառելու հնարավորությունը:
Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը շեշտել է, որ պետությունը ճանաչել է կառույցի աջակցող դերը, և այդ համատեքստում ԿԳՄՍ նախարարության հետ առկա է համագործակցության լավ փորձ: Նա նշել է, որ սահմանամերձ համայնքների դպրոցականների և ուսուցիչների համար նախարարության հետ իրականացված առաջին օգնության ուսուցման 20 դասընթացը նրանց դարձրել է առավել դիմակայուն՝ հաղթահարելու մի շարք մարտահրավերներ: Աննա Եղիազարյանի խոսքով՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, գործընկերների հետ կրթության հասանելիության ապահովման համար շուրջ 400 պլանշետ է տրամադրել դրա կարիքն ունեցող դպրոցականներին. առաջիկայում նախատեսվում է հատկացնել ևս 560 այդպիսի սարքավորում:
Վահրամ Դումանյանը, արձագանքելով գործընկերների ներկայացրած առաջարկներին, նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է իր բոլոր հնարավորություններով հանդերձ օժանդակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելության իրականացմանը: Նա թե՛ հոգեբանական աջակցության, թե՛ բուհական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացի հնարավոր ներառման հարցերը քննարկելու և կյանքի կոչելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցների անվտանգության ապահովման խնդրին: