Բոլորիս համար առաջնային են ազգային շահերը՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ «Լուրերի» հարցին ի պատասխան անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի երեկվա հայտարարություններին:
Հիշեցնենք՝ նախարարի պաշտոնակատարն իր հրաժարականը մեկնաբանել էր՝ ասելով, որ այդ քայլին է դիմում, «որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»:
«Եկեք հասկանանք պահի լրջությունը: Եվ ընդհանրապես, ես չեմ կարող հասկանալ՝ ինչպես կարելի է անվերջ տարածել լուրեր, թե կա գաղտնի փաստաթուղթ, գաղտնի հավելված: Չկա նման բան: Ինչ քննարկվում է, առավելագույնս հրապարակային է: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել ու վստահեցնել, որ չի կարող լինել գաղտնի փաստաթուղթ, որը չհրապարակվի կամ հանրայնորեն չքննարկվի»,- ասաց Գրիգորյանը: Արա Այվազյանից հետո հրաժարական ներկայացրեց նաև փոխնախարար Գագիկ Ղալաչյանը, և հարցին՝ հնարավո՞ր է արդյոք՝ սա այլ գերատեսչությունների վրա էլ տարածվի, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Այս պահին չկա նման մտավախություն»: