Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ Պալատի եզրակացությունը ներկայացնելիս առանձնացրեց որակական ու սկզբունքային որոշ խնդիրներ։
Յոլյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին ամրագրված ոչ բոլոր բյուջետային միջոցներն են շրջանառվում գանձապետական միասնական հաշվով։ Ասաց՝ հարցը բարձրացվել է տարիներ ի վեր, և Կառավարությունն ընդառաջ գնաց իրենց առաջակությանը և աստիճանաբար վարկային ու դրամաշնորհային միջոցների մի մասը սկսեց շրջանառել գանձապետական համակարգով:
«2019-ի վերջից խնդիրը լուծվեց նաև ՊՈԱԿ-ների մասով: Ինչ վերաբերում է պետական և համայնքային սեփականության բաժնետիրական ընկերություններին, հիմնադրամներին և ՀՈԱԿ-ներին, նրանց հաշիվները շարունակում են մնալ առևտրային բանկերում։ Շարունակում ենք պնդել, որ առկա իրավիճակը չի բխում հանրային միջոցների կառավարման թափանցիկության և վերահսկելիության պահանջներից և հանգեցնում է դրանց օգտագործման գործընթացում հնարավոր ռիսկերի ավելացմանը: Ակնկալում ենք, որ այս խնդրի լուծման ուղղությամբ ևս անհրաժեշտ ջանքեր կգործադրվեն, այդ թվում՝ Ազգային ժողովի կողմից օրենսդրական լուծումների ճանապարհով»,- ասաց Յոլյանը՝ նշելով նաև մի շարք օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:
Նրա խոսքով՝ հարկաբյուջետային հատվածում արձանագրված ամենաուշագրավ զարգացումը պետական պարտքի զգալի աճն է: Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցեց ֆիսկալ կանոններով սահմանված վերին 60 տոկոսանոց շեմը՝ կազմելով 63.5 տոկոս: Ասաց՝ առաջարկում են մշակել առաջիկա 5 տարիների Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 60 տոկոսից նվազեցնելու միջոցառումների ծրագիր: