Երևանյան նոր հասցե՝ պատերազմի մասնակիցների համար: Տղաները կանցնեն ԱյԹի դասընթաց, կստանան մասնագիտական գիտելիք, կանցնեն աշխատանքի: Հրավերին արձագանքել են ոչ միայն զինհաշմանդամները: Պատերազմի մասնակիցները պատասխանել են հարցաշարի: Ընտրվել է 20 զինծառայող:
Նորայր Մարտիրոսյան, «Պոնտեմ Լաբ» ընկերության տնօրեն - Անցկացրել ենք ընդունելության քննություն: Բավականին բարձր բալեր են հավաքել: Մասնակցել է 100 տղա: Մոտ 70-ը հավաքել է 60-ից 50, 40 բալ: Թեստը լուրջ է եղել՝ ԵՊՀ-ից ձևակերպված:
Ուսուցման կենտրոնը հիմնել են սփյուռքի գործընկերների հետ համատեղ: Համահիմնադիրներից է նաև հոլանդահայ Հայկ Ասլանյանը: Տղաները պատասխանել են տրամաբանական հարցերի: Զորիկ Զախարյանը մասնակցել է Մարտունու, Հադրութի մարտերին: Որոշել է մասնակցել, սովորել ծրագրավորում, նպաստել ռազմարդյունաբերության զարգացմանը:
Զորիկ Զախարյան, 44-օրյա պատերազմի մասնակից - Արդի ոլորտ է: Հուսով ենք՝ մեր ներդրումը կունենանք լավից լավը լինելու համար:
Նորաստեղծ կազմակերպությունը պայմանավորվել է գործընկեր ՏՏ ընկերությունների հետ՝ տղաներին աշխատանքով ապահովելու համար: Կկազմակերպվեն գործնական ծրագրեր:
Նորայր Մարտիրոսյան - Պայմանավորվել ենք, որ մեկ տարում արտադրական պրակտիկա կազմակերպեն, որպեսզի ավարտելիս հմտության ձեռքբերումներ ունենան, աշխատեն: Ներգրավված են այնպիսի թեմաներ, առարկաներ, որոնք բավարարում են այսօրվա պահանջարկին:
Ուսումնական կենտրոնի բացմանը ներկա էր նաև Հայաստանում Նիդեռլանդների դեսպանը: Դիվանագետը նախագիծը համարեց կարևոր:
Նիկո Սխերմերս, Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան - Երբ տեղեկացա նախագծի մասին, ոգևորվեցի և ցանկացա օգնել, ինչքան կարող եմ: Հայաստանում սպասվում են ընտրություններ: Մեր կառավարությունը տրամադրել է 100 հազար եվրո՝ ընտրական գործընթացին աջակցելու համար: Իսկ առաջիկա տարիներին Հայաստանի զարգացման համար նախատեսվում են շատ այլ ծրագրեր:
Եռամսյա ուսուցումից հետո մասնակիցներին կտրամադրվի կրթաթոշակ: Սոցիալական խնդիր ունեցողներին ի սկզբանե կհատկացվի ամսական 120 հազար դրամ կրթաթոշակ: 20 մասնակցից 12-ն ունեն հաշմանդամություն: Նարեկ Ստեփանյանը վիրավորվել է Կարմիր շուկայում: ԱյԹին ընտրել էր պատերազմից առաջ:
Նարեկ Ստեփանյան, 44-օրյա պատերազմի մասնակից - Հայաստանում եմ լինելու, չեմ թողի, մեր պահած հողն է:
Զավեն Մնացականյանը կռվել է Մեխակավանում, վիրավորվել Մարտունիում: Նա ևս եկել է՝ ռազմարդյունաբերությունը զարգացնելու հեռանկարով: