ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա մեկնարկեց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ հանդիպումով: Առանցքային քննարկումների շարքում էին ռազմագերիների վերադարձի հարցին հնարավոր հրատապ լուծումներ տալը, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները:
Այցի երկրորդ հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ էր, որն անցավ փակ դռների հետևում: Քննարկվեցին Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները, հատկապես՝ Հարավային Կովկասում վերջին շրջանում ստեղծված իրավիճակը և այդ իրավիճակից դուրս գալու ուղիները:
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ հանդիպումից առաջ Շառլ Ազնավուրի կիսանդրու մոտ ծաղիկներ խոնարհեց: Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո հաջորդ այցը նախատեսված էր Ֆրանսիայի Սենատ, որտեղ Փաշինյանը հանդիպեց Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Այնուհետև պատվիրակությունը մեկնեց Փարիզի քաղաքապետարան՝ Անն Իդալգոյի հետ հանդիպման:
Վաղը՝ հունիսի 2-ին, Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։