Միհրան Պողոսյանի կողմից կեղծ փաստաթուղթ ներկայացնելու դեպքով նյութեր են նախապատրաստվում, հնարավոր է՝ հարուցվի քրեական գործ։ Խորհրդարանում լրագրողներին այս մասին հայտնեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
ԴԱՀԿ նախկին պետը, որն առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար է մեղադրվում և այժմ հետախուզման մեջ է՝ ընդգրկված է «Պատվի ունեմ» դաշինքի ցուցակում։ Ըստ Արա Ֆիդանյանի՝ Պողոսյանի ներկայացուցչի միջոցով Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանից երկու փաստաթուղթ է ներկայացվել, որոնցից մեկը, ինչպես ոստիկանությունը այդ համալսարան ուղարկված հարցմամբ պարզել է, կեղծ է։
Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Տեղեկանքի բովանդակությունն այն էր, որ տվյալ անձը որոշակի ժամանակահատված սովորել է ՌԴ բուհերից մեկում, ինչն ըստ օրենսդրության հնարավորություն է ընձեռում այդ ժամանակահատվածը դիտարկել որպես ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածին հավասարեցված: Կեղծիքի հետ կապված չեմ կարող ասել, կոնկրետ ինչն է կեղծված, երբ բուհ հարցում ենք արել, պատասխան ենք ստացել, որ երկրորդ տեղեկանքն ուղղակի չի տրամադրվել:
Պողոսյանը ոստիկանություն է ներկայացրել նաև երրորդ փաստաթուղթը և ստացել պատգամավորի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ տեղեկանքը: Իրավապահ կառույցն այժմ պարզում է այդ փաստաթղթի ծագումը: Եթե խնդիրներ ի հայտ գան, ըստ փոխոստիկանապետի, կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր: Դեռ քարոզարշավը չի մեկնարկել, սակայն ոստիկանությունը արդեն նախընտրական փուլում հանցագործությունների հետ կապված 27 դեպքով ուսումնասիրություն է իրականացնում: Դրանց մեծ մասը կապված է պաստառների վնասման հետ: Դրանցից 12-ը, Ֆիդանյանի փոխանցմամբ, «Հայաստան» դաշինիքինն է:
Խորհրդարանում 2020 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը ուժային կառույցների ներկայացուցիչները հիմնականում ներկայացան երկրորդ դեմքերի մակարդակով:
Ազգային անվտանգության ծառայությանն և պաշտպանության նախարարությանը վերաբերող նիստը անցկացվեց դռնփակ: Ավարտին ԱԱԾ տնօրենի տեղակալը կարճ անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Փոփոխություն չկա, բանակցություններ են ընթանում, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ քաշվեն: Արամ Հակոբյանը պնդեց՝ հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով:
Վերդառնալով բյուջեի կատարողականի քննարկմանը. այն անցավ կիսադատարկ դահլիճում: Ներկա էին 4-5 պատգամավոր: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրին իրենց ղեկավարած կառույցների կողմից իրականացված ծրագրերն ու կատարողական ցուցանիշները: