ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Օրացույցի կարմիրը հուշեց Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա մասին, և հակասական զգացումները տեղի տվեցին։ Այս օրը համընկավ Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում Շուշիի մանկապարտեզի բացման արարողությանը։ Շուշին՝ անհայտության մեջ, մենք վհատված, բայց մանկապարտեզի բացումը մեզ դարձրեց ոգեղեն, մեր կամքը՝ անխորտակելի։ Շուշիի մեր երեխաներն այսօր բարեկեցիկ պայմաններում կրթվելու և դաստիարակվելու հնարավորություն ստացան։ Պետության և բարերարների շնորհիվ խոսքը դարձավ գործ՝ պարուրելով միացնող ու համախմբող ազնիվ զգացումը։
Մանկապարտեզի սաների ելույթը քանիցս համոզեց, որ պայքարն արդեն կենսակերպ է, պատասխանատվություն, գաղափարականացված ընթացք։
Սիրելի՛ երեխաներ, դուք անցաք արհավիրքների միջով և շարունակում եք հաղթահարել դաժան պատերազմի ցավն ու տառապանքը, որը վեր է ձեր ուժերից մտքերից ու ապրումներից։ Սիրելինե՛րս, մենք միասին կուժեղանանք, վերելք կապրենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով հասնելով անհրաժեշտ հանգրվանին։
Խաղաղություն ամենեցուն․․․»: