Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է թուրք-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի քննադատությանը: Խոսքը Ուկրաինային թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների մատակարարման մասին է: «Ոչ ոք չպետք է նեղանա Ուկրաինային մեր անօդաչու թռչող սարքերի վաճառքից: Սա առևտուր է: Ուկրաինայի հետ համաձայնության եկել ենք տարիներ առաջ»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Ռուսաստանն իր հերթին հրթիռներ է մատակարարում Սիրիային ու մյուս երկրներին, և որ թուրքական կողմը ոչ մի օր կասկածի տակ չի դրել դա: Սա պատասխանն էր Լավրովի հայտարարության, որով նա Թուրքիային և մյուս երկրներին հորդորել էր ձեռնպահ մնալ Ուկրաինայի իշխանության՝ ռազմատենչ տրամադրությունները սնող քայլերից:
Ռուսաստանից Թուրքիա թռիչքներ չեն լինի ևս 20 օր: Մոսկվայի որոշման պատճառը Թուրքիայում համաճարակաբանական բարդ իրադրությունն է: Ռուսաստանը վերականգնել է թռիչքները 8 երկրի, այդ թվում Մեծ Բրիտանիայի հետ:
Եվրամիությունը պատրաստ է օգտագործել իր զինանոցի բոլոր գործիքները՝ Թուրքիայի վարքագիծը փոխելու համար՝ հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նրա խոսքով՝ Եվրամիությունը հնարավորություն ուներ արտահայտելու իր հզոր ու միասնական դիրքորոշումը Թուրքիայի իշխանության հանդեպ: Եվրախորհրդի նախագահն ավելացրել է, որ այս հարցը համակարգում են եվրոպական կառույցի 27 անդամ երկրների, մասնավորապես՝ Հունաստանի ու Կիպրոսի հետ: «Անցյալում մենք նկատել ենք, որ Թուրքիան կարող է մեկ քայլ առաջ անել, այնուհետև՝ երկու քայլ հետ: Մենք միամիտ չենք: Թուրքիան հարևան երկիր է, այն ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն Եվրամիության համար հիմնարար է համոզվել, որ այդ երկիրը դրական դիրքորոշում ունենա եվրոպական շահերի նկատմամբ, ինչպիսիք են Լիբիան, Սիրիան և Կովկասը: Նախկինում այս հակամարտությունների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը չէր բխում Եվրամիության շահերից»,- հայտարարել է Եվրախորհրդի ղեկավարը:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկրի գործող ղեկավար Ջո Բայդենին մեղադրել է երկիրը կործանելու համար: Թրամփը հայտարարել է, որ իր հետնորդը սահմանային ճգնաժամ է հարուցել: Բայդենի հասցեին Թրամփի քննադատությունը կապված է Չինաստանի, Մերձավոր Արևելքի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքի, նաև հարավային սահմանի ճգնաժամի հետ: