ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ՈՒՆԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԻՐ ՊԱՅՄԱՆԸ
«Միջանցքային տրամաբանության հարց հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու»՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահի ելույթին՝ այսօր հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատարը: Այս կիրակի խոսելով, այսպես ասած, Զանգեզուրի միջանցքից, Ալիևը պնդել է, որ հարցը քննարկվում է եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի միջև, և որ բանակցություններում արդեն առաջընթաց կա: Նրա բնորոշմամբ՝ հայկական կողմը սկսել է հաշտվել դրա անխուսափելիության հետ:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - Եթե միջանցք անվանելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, դա մի հարց է, բայց եթե միջանցք ասելով նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, կրկին վստահեցնում եմ, որ դա բացառվում է իմ քննարկումների օրակարգում:
Գրիգորյանը, որ փոխվարչապետերից կազմված եռակողմ աշխատանքային խմբի հայկական հանձնաժողովի ղեկավարն է, շեշտում է՝ կա՛մ ապաշրջափակումը կլինի մեր սուվերեն ենթակառուցվածքների լիարժեք օգտագործմամբ, կա՛մ ապաշրջափակում չի լինի: Խնդիրը տեսնելով տերմինների կիրառման ու դրանց սուբյեկտիվ ընկալման մեջ՝ փոխվարչապետի պաշտոնակատարը հստակեցնում է.
Մհեր Գրիգորյան - Տերմինի տակ՝ միջանցք ասելով, կարող է ընկալենք մի վիճակ, որ, օրինակ, ենթադրում է մեր սուվերեն ենթակառուցվածքների ծանրաբեռնվածություն, ինչն ընդունելի չէ, մենք «Հյուսիս-հարավին» էլ ենք միջանցք ասում երբեմն, բայց հաշվի առնելով, որ այստեղ գործ ունենք շատ զգայուն հարցի հետ, պիտի ավելի հստակ արձագանքենք ու ասենք, որ թյուրընկալում չլինի:
Եռակողմ աշխատանքային խումբն ստեղծվել ու գործում է հունվարի 11-ի հայտարարության տրամաբանության շրջանակում, և հենց այդ հայտարարությունում տեղ գտած տերմիններն են գործածվում համատեղ աշխատանքի ընթացքում, որտեղ միջանցք եզրույթ չկա՝ բացատրում է փոխվարչապետի պաշտոնակատարը: Այս պահին, սակայն, խմբի աշխատանքը դադարած է:
Մհեր Գրիգորյան - էս իրավիճակում ու սահմանի էս իրադարձությունների պարագայում չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ, էդ իմաստով վերջին շրջանում կոնտակտներն ընդհատվել են, սահմանային միջադեպից հետո, մասնավորապես:
Սահմանի իրավիճակի մասին. փոխվարչապետի պաշտոնակատարի համոզմամբ՝ պետք է ամեն ինչ անել, որ խնդիրը լուծվի խաղաղ, դիվանագիտական ճանապարհով: Ու թեև հայ-ադրբեջանական սահմանի՝ Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայելու՝ վարչապետի առաջարկից անցել է արդեն 6 օր, Գրիգորյանը կարծում է՝ շուտով արձագանքները կլինեն:
Մհեր Գրիգորյան - Կարծում եմ՝ կլինեն արձագանքներ, չեն կարող չլինեն, մոտ օրերս սպասենք:
ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գրիգորյանն այսօր չմեկնաբանեց Արա Այվազյանի՝ հրաժարական տալու պատճառը: Երեկ արտգործնախարարությունում վերջին հրաժեշտը տալով անձնակազմին, Այվազյանը հայտարարել էր՝ նման որոշում է կայացրել «որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»: Թե ինչ նախաձեռնությունից էր խոսում արդեն նախկին նախարարի պաշտոնակատարը, Գրիգորյանը խորհուրդ է տալիս հենց նրանից ճշտել:
Մհեր Գրիգորյան - Չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, թե նման խնդիր գոյություն ունի: Հարցն ուղղեք նախկին նախարարին:
Այվազյանի հրաժարականն անմիջապես հաջորդեց Անվտանգության խորհրդի նիստին, որի ժամանակ էլ Փաշինյանը ներկայացրել էր սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու իր առաջարկը:
Տեսակետներին, թե արտգործնախարարը հեռացել է գաղտնի փաստաթղթի պատճառով, Գրիգորյանն արձագանքեց՝ գաղտնի հավելված կամ նախաձեռնություն չկա, պնդեց՝ նման շահարկումներն ավելորդ են, քանի որ բոլոր քննարկումները հրապարակային են: