Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նիկոլ Փաշինյանին Ելիսեյան պալատում դիմավորել է Էմանուել Մակրոնը: Մինչև առանձնազրույցը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը և Ֆրանսիայի նախագահը հանդես են եկել հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հանձնառու է ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործում, նշել, որ համանախագահներն ադրբեջանական ագրեսիայից հետո՝ հայտարարություններում ընդգծել են, որ պետք է վերականգնել բանակցությունները:
Նախագահ Մակրոնը ճգնաժամի առաջին օրից խոսել է ճշմարտության լեզվով, և նրա ձայնը լսելի է եղել ամբողջ աշխարհում, ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:
«Այս աշխատանքային այցելությունը կարևոր պահի է կայանում, Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի: Նոյեմբերի 9-ի հարդադարի հայտարարությունից ի վեր մենք նկատում ենք, որ եթե նույնիսկ ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվում է, բայց անելիքները շատ են: Ֆրանսիան պատրաստ է օգնել այս հարցում, առաջին հերթին խոսքս վերաբերում է ռազմագերիների և մյուս բանտարկյալների ազատ արձակմանը: Շատ կարևոր է նաև մարդասիրական օգնության հարցը, ժառանգության պահպանությունը ԼՂ-ում և շրջակա տարածքներում՝ թե քրիստոնեական և թե մահմեդական ժառանգության: Որպես ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի ընթանա ապաէսկալացիա և հաստատվի երկխոսություն կողմերի միջև»,- ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատում պետք է իրականացվի բացառապես երկխոսության միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի, իսկ ադրբեջանականան ուժերը պետք է դուրս քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից: Կոչ եմ անում վերադառնալ մայիսի 11-ի դրությամբ եղած ելման դիրքեր։ Մենք կփորձենք աջակցել երկխոսության հաստատման հարցում: Այս դժվար իրավիճակում Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ինչպես միշտ»,- նշել է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը։