Եգիպտոսի՝ խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների «Մաաթ» կենտրոնի միջազգային մարդասիրական իրավունքի բաժանմունքը փորձագիտական ուսումնասիրություն է անցկացրել «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանությունը» թեմայով:
Փորձագիտական խումբը «Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին» Ժնևի 1949-ի կոնվենցիայի և վերջինիս 1977-ի արձանագրությունների համաձայն՝ բարձրաձայնում է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների բոլոր դրսևորումները՝ մասնավորապես քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծությունները, ահաբեկչական խմբավորումների ներգրավումը, արգելված զինատեսակների օգտագործումը՝ ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ, ռազմագերիների և պահվող այլ անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, հիվանդանոցների, բուժօգնության կետերի, կրոնական հուշարձանների, կենսական ենթակառուցվածքների, լրագրողական առաքելությունների թիրախային ռմբակոծումները, քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունները:
Միջազգային հումանիտար իրավունքը պաշտպանում է ռազմական գործողություններից տուժած ամենախոցելի խմբում հայտնված կանանց ու երեխաներին:
Չնայած միջազգային հումանիտար իրավունքով արգելվում է քաղաքացիական անձանց թիրախավորումը, այնուամենայնիվ՝ քաղաքացիների միտումնավոր թիրախավորումը շարունակվում է, որի հետևանքով տեղահան են եղել տասնյակ հազարավոր մարդիկ:
ՀՀ ազգային վիճակագրական տվյալների համաձայն՝ Արցախի բնակչությունը կազմում էր մոտ 145 հազար: 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահան է եղել 110 հազար մարդ: Ավելին՝ շատ քաղաքացիներ սպանվել կամ գերեվարվել են թուրք-ադրբեջանական ուժերի կողմից: