Պատերազմից հետո դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3756 զոհված զինծառայողի մարմին, 6 ամսում իրականացվել է ավելի քան 3000 նմուշի ԴՆԹ փորձաքննություն:
Մարինա Բաղդասարյան (ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ) - Աշխատում ենք ծանր նմուշների հետ, ծանր՝ նշանակում է՝ անջատվում են ոչ լիարժեք գենետիկական բնութագրեր: Ամեն ոսկորի հետ անհատական աշխատում ենք, ստանանք ԴՆԹ, նույնականացում լինի:
Ծնողներից վերցված ավելի քան 2500 նմուշ ենթարկվել է ԴՆԹ փորձաքննության: Այս պահին նույնականացված են 44-օրյա պատերազմում զոհված 2687 զինծառայողի դի և մասունք:
Մհեր Բիշարյան (ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն) - Ունենք հարյուրից ավելի նույնականացումներ, որոնց ծնողները դեռ մարմինները, մասունքները չեն վերցրել, վստահելու պրոցեսն է: Ունենք նաև չնույնականացածներ:
Փորձաքննության չենթարկված նմուշներ, դատաբժշկի խոսքով, չկան: Հինգ տասնյակ նմուշ ենթարկել են կրկնակի փորձաքննության, բայց դեռ չի հաջողվել նույնականացնել:
Մհեր Բիշարյան - Չստացվելու դեպքում պայմանավորվել ենք Նիդերլանդների հետ, կուղարկենք անհետ կորածների մասնագիտական կենտրոն, խոստացել են երկու ամսում պատասխաններն ուղարկել:
Փորձաքննության էին ենթարկված նաև տղաների՝ Մեծամորից Աբովյան տեղափոխված դիերը, որոնք տեղափոխվել են Մարտունու դիահերձարան: Խոսքն աղմկահարույց դեպքի՝ սոցցանցերում հայտնված զոհերի աճյունների լուսանկարների մասին է:
Անրի Ավագյան (ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մարզային բաժնի վարիչ) - Մայիսի 28-ին են տեղափոխվել, օպերատիվ պետք է տեղավորվեր 21 դի: Ինչքան հնարավոր էր տեղավորել սառնարանում՝ 21 դի, մնացածը՝ մասունքների հետ միասին, իջեցվեց այն հատվածը, որը ջերմամեկուսացված է:
Դիերն Աբովյան էին տեղափոխվել Մեծամորի դիահերձարանի սառնարանի խափանման պատճառով: Մհեր Բիշարյանը, արձագանքելով երկուշաբթի Հերացու փողոցը փակած անհետ կորածների հարազատների պնդումներին, հավաստիացնում է՝ թաքցրած 200 դիերի մասին խոսք լինել չի կարող: Կենտրոնը հարազատներին է տրամադրել դիահերձարաններում պահվող մարմինների և մասունքների ցուցակները: Նրանք, ըստ դատաբժշկի, համոզվել են՝ այցելելով դիահերձարաններ, համեմատելով տվյալները: Իսկ Աբովյան տեղափոխվել էին այն դիերը, որոնք կարիք ունեին ԴՆԹ լրացուցիչ նմուշառման՝ ասում է Բիշարյանը: Դատաբժշկի խոսքով՝ Մարտունի, Գորիս չեն տեղափոխել ծնողներին հավելյալ քաշքշուկի մեջ չգցելու համար, նաև շոգ եղանակի պատճառով:
Մհեր Բիշարյան - Որոշեցինք նկուղներում պահել, միաժամանակ կառուցվում էր սառնարանային հատվածը, որ տեղափոխենք: Խորհրդային ժամանակ էլ դիակները պահվել են այդ նկուղում: Հատակին դրված տեսքը, իհարկե, պատշաճ չէ, անընդունելի է, իսկ ջերմաստիճանային պայմանները ոչ բարենպաստ հետևանք չէին կարող ունենալ:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար) - Երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ, նախ՝ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին: Վստահեցնում եմ, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնն արել է հնարավորը՝ դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացն ապահովելու համար: Արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով:
Աբովյանի կենտրոնում փորձաքննություն է անցել 250 զոհված զինծառայողի մարմին: Նրանց մեծ մասը նույնականացված է:
Անրի Ավագյան - Դեռ հուղարկավորության հարցը մնում է, քանի որ ծնողներ կան, որոնք կրկնակի նմուշառում են պահանջում, ծնողներ կան, որ չեն ուզում հավատալ:
Խափանված սառնարանի աշխատանքը Մեծամորում վերականգնել են: Բաժնի ղեկավարը վստահեցնում է՝ մարմիններն ու մասունքները պահպանում են առանձին: Բոլորն անցել են փորձաքննություն, կատարվել է գենետիկական նմուշառում:
Սերգեյ Աբգարյան (ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի մարզային բաժնի վարիչ) - Տրվել են մեզ ի պահ՝ հաշվի առնելով այս պայմանները: Չկա մի դի, հերոս, որից նմուշառում կատարված չէ, այս պահին դեռ նույնականացում է:
Սերգեյ Աբգարյանի խոսքով՝ իրենց մոտ պահվում են տղաների 88 դի, 58 մասունք: Այդ նպատակով է նաև այս շարժական սառնարանը:
Սերգեյ Աբգարյան - Ազատ ստելաժներ կան, այստեղ շատ ճանաչումներ են եղել, կտեղափոխենք: Ամեն դեպքում՝ դա չի կարող նրան փոխարինել: Պատշաճ պայմաններում ենք պահում, այո՛:
Տղաներն են, որոնց դեռ հարազատները փնտրում են: Լուսանկարները կրկին ծնողներին կփոխանցվен, երբ բոլորը ճանաչվեն: Նիկոլ Փաշինյանի հանձնարարարությամբ՝ նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու, թե որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողության հետևանքով է առաջացել խնդիրը։ Վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Մանե Գևորգյանն ընդգծել է՝ բոլոր միջոցները ձեռնարկվելու են՝ նման իրավիճակները բացառելու և թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար: