Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի Բոսֆորի նեղուցի համար այլընտրանք հանդիսացող՝ միլիարդավոր դոլարների արժողության ջրանցքի կառուցումը կսկսվի հունիսի վերջին՝ փոխանցում է Bloomberg պարբերականը:
Թուրքիայի նախագահն իր «խելահեղ նախագծի» մասին առաջին անգամ հայտարարել էր մեկ տասնամյակ առաջ, երբ իր աջակցության ցուցանիշն ամենացածրն էր: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ստամբուլի 45 կմ-անոց ջրանցքը կարժենա շուրջ 15 մլրդ դոլար, այն կկապի Սև և Մարմարա ծովերը:
Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ ջրանցքի նպատակը պատահարների ռիսկը նվազեցնելն ու բեռնափոխադրումները թեթևացնելն է Բոսֆորում, որը երկու մասի է բաժանում Թուրքիայի խոշորագույն քաղաքը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ ջրանցքի և դրա ուղու վրա նոր քաղաքների կառուցումը հազարավոր աշխատատեղեր կստեղծի, ինչն իր հերթին կնպաստի երկրի տնտեսության աճին:
Ծրագրված ջրանցքի հետ կկառուցվի նաև կես միլիոն բնակչությամբ նոր քաղաք, որի երկու կեսերը կկապվեն կամուրջներով: