«Ընտրակաշառքի վերաբերյալ այս պահին որևէ ռեալ դեպք չի արձանագրվել: Նախընտրական փուլում հանցագործությունների վերաբերյալ 27 դեպքով նյութեր են նախապատրաստվում և ուսումնասիրություն կատարվում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ հավելելով, որ այդ դեպքերից 14-ը վերաբերել են նախընտրական պաստառներ վնասելուն: «14-ից 12-ը կոնկրետ անձին պատկանող պաստառներ են, դրանիցից 5-ը արդեն իսկ բացահայտվել են»,- ասաց Ֆիդանյանը:
Փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանությունն ուսումնասիրում է քաղաքական ուժերի հայտարարությունները, որոնք առնչություն ունեն հասարակական կարգի անվտանգությանը: «Պաստրաստվում ենք այն բոլոր գործողություններին, որոնք արվում են՝ հասարակության շրջանում համապատասխան աշխատանքներ տանել և այլն: Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների մեկնաբանություններ են տրվում: Կարծում եմ՝ հանդիպումների շարք կձեռնարկենք բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, իրենց ցանկությամբ, թե՛ կանխարգելիչ, թե՛ այլ բնույթի հարցերի քննարկման համար»,- ասաց Ֆիդանյանը: