Զբոսայգիներում պարբերաբար ստուգում են կարուսելների տեխնիկական վիճակը: Տոներից առաջ, երբ երեխաների մեծ հոսք է սպասվում, դրանք կրկնակի փորձաքննության են ենթարկվում. արտակարգ իրավիճակների նախարարությունը հավաստիացնում է՝ կարուսելներն անվտանգ են:
Փականագործ Սամվել Սանոսյանն արդեն 20 տարի ամեն առավոտ իր պարտքն է համարում զբոսայգու կարուսելների անվտանգությունն ստուգելն ու հետո նոր թույլ տալը, որ երեխաները դրանցից օգտվեն:
Սամվել Սանոսյան, զբոսայգու փականագործ - Անվտանգությունն ապահովելու համար նայում ենք, տեսնում ենք, թե ինչ է պետք, փոխում ենք: Ամենօրյա աշխատանք է:
Կարուսելների ապահովության խնդիրն ավելի հրատապ է հատկապես հունիսի 1-ին, երբ զբոսայգիներ են այցելում մեծ թվով երեխաներ:
Վահրամ Ներսեսյան, զբոսայգու տնօրեն - Մեր մասնագիտական խումբն ամեն օր անպայման տեխզննում է անցկացնում: Վտանգավորության բարձր աստիճան ունեցող կարուսելների վրա ավելի շատ ուշադրություն ենք դարձնում: Մեր առաջնահերթություններից գլխավորը կարուսելների անվտանգ սպասարկումն է:
Զբոսայգիների կարուսելները տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվում են փորձաքննության:
Մարտին Ասլանյան, ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական լաբորատորիայի պետ - Եթե փորձաքննության ընթացքում հայտնաբերվում են թերություններ, տալիս ենք ժամանակացույց, որի վերացնելուց հետո կրկնակի ուսումնասիրություն է անցկացվում և տրվում է դրական եզրակացություն, եթե նշված թերությունները վերացվել են:
Կարուսելից արտասովոր ձայն լսելուն պես անմիջապես դադարեցվում է դրա աշխատանքը, վերացվում է թերությունը և հետո նոր թույլատրվում շահագործման: Հին կարուսելների փոխարիրնումն էլ նորով ընթացքի մեջ է:
Վահրամ Ներսեսյան - Կարուսելը փորձարկում ենք ավազապարկերով, որպեսզի տեսնենք, թե տվյալ ծանրությանը դիմանո՞ւմ է: Նախատեսված է 500 կգ այդ կարուսելի համար, մենք նույնիսկ փորձարկում ենք 700-800 կգ ավելի բարձր քաշով, որպիսի 100 տոկոսով համոզված լինենք, որ այն անվտանգ է:
Ի տարբերություն մեծահասակների, երեխաներն այնքան էլ լուրջ չեն վերաբերվում անվտանգության խնդրին:
Մեկ այլ զբոսայգում ևս նշում են, որ կարուսելների փորձաքննությունն օրվա բնականոն ընթացքի մեկնարկն է համարվում: Զբոսայգում կարուսելների սարքին լինելն ստուգում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Սարգիս Պետրոսյան, զբոսայգու տեխնիկական անվտանգության մասով տնօրենի տեղակալ - Փորձաքննություն անցկացվում է տարին մեկ անգամ: Ունենք աշխատողների բազա, որոնք զբաղվում են այդ սարքավորումների վերանորոգմամբ: Ամեն օր՝ առավոտյան ժամը 9:30-ից, փորձաքննվում են, թերությունները շտկվում ու նոր հանձնում են շահագործման:
Մասնագետները վստահեցնում են՝ կարուսելների անվտանգությունը երաշխավորված է, զբոսայգիները պատրաստ են հյուրընկալել երեխաներին: