Նիստն իսկական է, ավագանին՝ դպրոցական։ Գրանցում-քվերակությունը՝ ինչպես մեծերի դեպքում։ Օրակարգում՝ Երևանի 93 դպրոցից ստացած, ընտրված-լավագույն 9 նախագիծ է, որ երեխաներն առաջարկում են կյանքը Երևանում հարմարավետ դարձնել։
Նարեկ Օրդյան (Երևանի 51-րդ դպրոցի աշակերտ) - Բերել եմ մի նախագիծ, որն առողջ ապրելակերպի մասին է, ավելի ճիշտ՝ եթե հաստատեք՝ լիքը մարդ առողջ կապրի:
14-ամյա Նարեկն առաջարկեց՝ Աբովյան փողոցում հեծանվուղի առանձնացնել։ Միակողմանի է, հարմար, որ երթուղին հետո տարածվի փոքր կենտրոնում։
Հայկ Մարության (Երևանի քաղաքապետ) - Առաջարկը շատ լավն է. այո, Երևանում անհրաժեշտ է հեծանվուղի, որ անվտանգ լինի:
Մայթի հաշվին՝ ոչ մի դեպքում։ Ո՞ւր գնան տարածքում կայանվող մեքենաները. դահլիճը հարցերի մեծ շարան ուղղեց նախագծի հեղինակին։ Կանգ առան փողոցի երթևեկելի հատվածից հեծանիվներին մի կտոր զիջելու վրա։ Ինչ լայնության՝ մեծերը հուշեցին։
Առաջարկը աշակերտական ավագանին հաստատեց։ Գումար լինի` մեծերի կողմից կառավարվող Երևանի իշխանությունը կիրականացնի ծրագիրը։ Ներկաներն անխնա քննադատեցին թափառող շների խնդիրը կարգավորելու նպատակով տներում պահվող չորքոտանիների համար զբոսայգի ստեղծելու գաղափարը։
Հունիսմեկյան ավագանին մերժեց՝ դպրոցներում ամառային ճամբար կազմակերպելու, երեխաների ու տեղեկատվական տեխնոլոգիաների կապն էլ ավելի սերտացնող փաթեթները․ դրանք կրթական գերատեսչության խնդիրն են։ Միաձայն անցավ մայրաքաղաքը հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարեցնելու նախագիծը։ Անցավ նաև՝ որտեղ պատահի աղբ թափողների դեմ պայքարի առաջարկը։
Անահիտ Գասպարյան («Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սան) - Ամենակարևորը որ կուզեի կիրառվեր՝ վարչական խիստ տույժն է:
Բոլորը չէ, որ կողմ էին: Ի դեպ, աշակերտական ավագանին այնքան հարց տվեց, նիստն այնքան երկար ձգվեց՝ քաղաքապետ Մարությանը մի պահ մոռացավ, որ դահլիճում երեխաներ են։
Տոնի առիթով՝ քաղաքապետարանում ավագանի-աշակերտներին Երևանի մասին գրքեր նվիրեցին, էքսկուրսիա տարան՝ աշտարակ։ Սկզբում խորհուրդ տվեցին․
Գայանե Վարդանյան (Երևանի ավագանու անդամ) - Շարունակեք էսպես համոզված, ինքնավստահ առաջ տանել ձեր տեսակետները:
Հրաժեշտին քաղաքապետը խոստովանեց․ կուզեր մեծերի ավագանին նույնքան պարտաճանաչ քննարկումների գար։ Բոլորով միասին՝ միայն առաջին նիստին են հավաքվել, ասաց՝ այդ օրվան կարոտով մնացինք։