«Պարոնյան» թատրոնի խաղացանկի ամենասիրված երաժշտական ներկայացումներից մեկով՝ «Բրեմենյան երաժիշտների» բարեգործական ցուցադրությամբ, թատրոնը շնորհավորում է հունիսի մեկը: Բարեգործական ներկայացումների մի ամբողջ շարք «Պարոնյան» և մյուս թատրոններն իրականացրել են պատերազմի ամբողջ ընթացքում: Այժմ էլ պատրաստ են ոչ միայն հունիսի մեկին, այլև ամեն օր նպաստել փոքրիկների գեղագիտական դաստիարակությանը՝ վստահեցնում է թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը:
Իրենց տոնական օրը «Պարոնյան» թատրոնում են անցկացնում ծնողական խնամքից զրկված երեխաներ Գավառի, «Մարի Իզմիրլյան», «Մանկան տուն», «Զատիկ» մանկատներից, ինչպես նաև հատուկ կարիքներ ունեցող և արցախցի փոքրիկներ: Նախաձեռնության հեղինակը, որ արդեն 5 տարի զբաղվում է երեխաների իրավունքների ուսումնասիրությամբ, ընդգծում է՝ այս նախագիծն ընդամենը սկիզբն է:
Ավանդույթի համաձայն՝ տոնական հատուկ ծրագիր է ներկայացրել նաև Խնկո Ապոր գրադարանը: Այստեղ հատուկ կարևորել են արցախցի երեխաների մասնակցությունը տոնական ծրագրին՝ հյուրընկալելով «Վերադարձ դեպի Քաշաթաղ» կազմակերպության 25 երեխաների:
Ամբողջ օրվա ընթացքում գրադարանի տարբեր սրահներում տեղի ունեցան տիկնիկային ներկայացումներ, մուլտֆիլմերի ցուցադրություններ, կավճանկարի մրցույթ և նկարազարդումներ՝ մանկագիրների ստեղծագործությունների հիման վրա՝ տոնական ժամանցը համալրելով նաև կրթական բովանդակությամբ: