Երեխաների պաշտպանության օրը Հանրայինը հանրայինցիների փոքրիկներով է շնչում: Մուտքից դիմավորում են 65-ամյա կապույտ էկրանի բոլոր նախկին մանկական հաղորդաշարերի կադրերն ու հունիսմեկյան գույները:
Հանրային հեռուստաընկերությունը նաև երեխաների պաշտպանության օրը հուշագիր է ստորագրում՝ դառնալով «Հայ մանուկ» ծրագրի մասնիկը:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Տեղեկացանք, որ կան մոտ 3000 ընտանիքներ, որոնք ցանկանում են երեխա ունենալ, սակայն ֆինանսական խնդիրներ ունեն և չեն կարող դիմել համապատասխան մասնագետների: Ուստի Հանրային հեռուստաընկերությունը որոշեց դառնալ ՀԱՅ ասոցիացիայի ինֆորմացիոն հովանավորը, որպեսզի մենք կարողանանք այս թեման հանրայնացնելու միջոցով մեծ գումարներ ապահովել, որի միջոցով հիմնադրամը կֆինանսավորի, և կծնվեն հայ երեխաներ, սա շատ կարևոր է՝ հատկապես հիմա:
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Հանրայինը ոչ միայն անվճար, նաև վճարովի եթերաժամանակ կտա քաղաքական ուժերին, իսկ գումարի մի մասը կրկին կգնա երեխաներին, որ ծնվեն:
Հովհաննես Մովսիսյան - Գումարի մի մասն էլ մեկ այլ բարեգործական ծրագրի է ուղղվելու, բայց այս պահին դեռ չենք հանրայնացնում, թե ինչ ծրագիր է:
Լրատվականի մեր մյուս գործընկերները՝ «Արմենպրեսն» ու Հանրային ռադիոն, «Հեքիաթ միասին» նախագծով են շնորհավորում երեխաներին: Տարբեր երկրների ժողովրդական հեքիաթները հայերեն արդեն հասանելի են «Արմենպրես» լրատվականի յութուբյան ալիքում:
Անաստասիան Հայաստանը սիրելով է ուզում շարունակել հեքիաթներ կարդալ, առաջին փորձը Հանրային ռադիոյի խոսափողի մոտ է:
Եվ երեխաներն իրենց պաշտպանության օրն իսկապես պաշտպանված զգալու համար մի մաղթանք ունեն, որ լինի խաղաղություն: