Ջավախքից Խաչատուր Շահինյանն այսօր հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետով Վրաստանից Հայաստան մուտք գործեց։ Նա սկզբում Էջմիածին կմեկնի, հետո հայկական անձնագրով Հայաստանից Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։
Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից սկզբում բացվեց Բագրատաշեն-Սադախլոն։ Կեսօրից հետո՝ նաև Բավրա-Նինոծմինդան։
Վրաստան-Հայաստան ցամաքային սահմանը փակվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ 2020 թվականի մարտից: Այսօրվանից սահմանը երկու ուղղություններով կարող են հատել պատվաստված և նաև չպատվաստված քաղաքացիները, որոնք պարտադիր պետք է ներկայացնեն Քովիդ թեստի բացասական պատասխան։
Նարեկ Գևորգյան, Հյուսիսային մաքսատան վարչության պետ - Բոլոր մաքսային կետերում, ինչպես նաև Բավրայում, կան համապատասխան լաբորատորիաներ, պետք անցնել թեստավորում: Եթե ոչ, 72-ժամյա թեստավորում ունենալու դեպքում ոչ մի խնդիր չի լինի: Անկախ ամեն ինչից՝ պատվաստված եք, թե ոչ, պետք է թեստավորում անցնել:
Դա վրացական կողմի պահանջն է: Հայկական կողմը սահմանը միակողմանիորեն բացել էր հունվարից։ Վրաստանից ֆիզիկական անձինք հնարավորություն ունեին ցամաքային սահմանով մուտք գործել Հայաստան, իսկ Վրաստան մուտքի թույլտվությունն այսօրվանից է։ Հայկական կողմում էլ պահանջները չեն փոխվել։
Նարեկ Գևորգյան - Մեր կողմի պահանջը տեղում թեստավորումն է, դրականի դեպքում՝ ինքնամեկուսացման պահանջ։
Հայկական կողմից հատուկ պահանջ կա նաև ֆիզիկական անձանց համար․ չի թույլատրվում թուրքական արտադրության ապրանք ներմուծել, թեկուզ Վրաստանից։
Նարեկ Գևորգյան - Բոլոր քաղաքացիներին հորդորում եմ թուրքական ծագման ապրանքներ չբերել:
Անգամ քաղաքացիների համար փակ սահմանների պայմաններում բեռնափոխադրումները չէին ընդհատվել: Վրաստան մեկնող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է նաև էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում, որտեղ անհրաժեշտ է նշել անուն, ազգանուն, անձնագրի համար, հեռախոսահամար, էլ. հասցե, քաղաքացիություն, բնակության երկիր, Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց):